ԱՊՀ դիտորդները միջանկյալ մոնիտորինգ կանցկացնեն

Հունվարի 16-ին ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը հայտարարել է, որ դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերն ստանալուց հետո ձեւավորվել է 10 փորձագետներից կազմված խումբ` Անատոլի Տորշինի գլխավորությամբ, եւ արդեն փետրվարի սկզբից միջանկյալ մոնիտորինգ կանցկացնի: Կրոտովը ասել է նաեւ, որ դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրքը, տեղյակ են նաեւ նոյեմբերին կատարված փոփոխություններին, եւ գտնում են, որ ՀՀ Ընտրական օրենսգիրքը լավագույնս կատարելագործվել է ու համապատասխանում է միջազգային չափանիշներին` օրենսդրական լավ հիմքեր ստեղծելով ընտրությունների լավագույնս կազմակերպման համար: Կրոտովը նաեւ պատրաստակամություն է հայտնել հանդիպել նախագահի թեկնածուներին, եթե վերջիններս նման ցանկություն ունենան։

Իսկ Տիգրան Թորոսյանը վստահեցրել է, որ նախագահի ընտրությունները կանցնեն խորհրդարանական ընտրություններից ոչ պակաս հաջողությամբ ու կհամապատասխանեն միջազգային չափանիշներին` հնարավորություն տալով դիտորդներին արձանագրել լավ արդյունքներ: