ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կարեւորը լեգիտիմությունն է
«Հայաստանի առաջնահերթ խնդիրը լեգիտիմ ընտրությունների անցկացումն է», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը. «Մեզ համար կարևոր է լեգիտիմ և միջազգային չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների անցկացումը։ Դրա համար կա իշխանությունների կամքը, և մենք դրանում համոզվել ենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ապագայում ժողովրդավարական ընտրությունները Հայաստանի համար պետք է ավանդույթ դառնան»։
Նրա խոսքերով, բոլոր քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է հասկանան, որ Հայաստանում ժողովրդավարությանը այլընտրանք չկա. «Մեզ պետք չէ խոցելի նախագահ, մեզ պետք է այնպիսի նախագահ, ով իսկապես ընտրված է ժողովրդի կողմից, և սա, առաջին հերթին, անհրաժեշտ է Հայաստանի քաղաքացիներին»։
Շարմազանովը վստահ է, որ ժողովրդավարական ընտրությունները ոչ թե Եվրոպայի պահանջն է, այլ Հայաստանի քաղաքացիների պահանջմունքը. «Մեր թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի՝ «Առա՛ջ, Հայաստա՛ն» կարգախոսը ելնում է մեր կուսակցության և մեր թեկնածուի գործողությունների տրամաբանությունից։ Երկրի քաղաքացիները չպետք է հետ նայեն, նրանք պետք է առաջ նայեն և տեսնեն մեր երկիրը ավելի զարգացած, ուժեղ և ժողովրդավարական»։
