Լրագրողը հաստատում է, ՄԻԱԿ–ը՝ հերքում

«Նոյյան տապան» լրատվական գործակալության քաղաքական մեկնաբան Դավիթ Պետրոսյանը չորեքշաբթի օրը հաստատել է, որ ոստիկանություն էր կանչվել իշխանամետ Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) ներկայացուցչին «վիրավորելու» համար: Պետրոսյանը պատմել է, որ հունվարի 12-ին ՄԻԱԿ-ի երկու ներկայացուցիչներ թակել են իր բնակարանի դուռը` հանձնելու վարչապետ, նախագահի առաջադրված թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու կոչ անող քարոզչական թերթիկներ. «Բավականին կտրուկ ձեւով ես փորձեցի իրենց ասել, որ հեռանան, որովհետեւ ինձ անհանգստացնում են: Երկրորդը` որ իրենք իրավունք չունեն քարոզելու, որովհետեւ պաշտոնական քարոզարշավը սկսվում է հունվարի 21-ից... Նրանք ասացին, որ իրենք այդ իրավունքը ունեն: Ես էլ բավականին ագրեսիվ էի ինձ պահում եւ ամեն ինչ արեցի, որ իրենք հեռանան... Հետագայում նրանք բողոքեցին ոստիկանություն, որ, համաձայն իրենց հայտարարության` ես քացով խփել եմ այդ աղջկան, որը եկել էր քարոզարշավի»: Դավիթ Պետրոսյանը կտրականապես հերքում է քացով խփելու պնդումը, սակայն, հունվարի 15-ին նրան հրավիրել էին Կենտրոն համայնքի ոստիկանության բաժին. «Ես եղա ոստիկանությունում եւ հրաժարվեցի որեւէ բացատրություն տալ, որովհետեւ դա իմ իրավունքն է: Ոստիկանությունը ինքը պետք է ապացուցի, որ իրոք դա այդպես է եղել: Իսկ ես համարում եմ, որ ես անմեղ եմ»: ՄԻԱԿ կուսակցության նախագահ Սամվել Ֆարմանյանը ասել է, որ «նման որեւէ դեպք չի եղել»: