Սուրբ Սարգսի տոնը մեծ հասարակայնություն ունի

Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում Սուրբ Սարգսի տոնը դասվում է շարժական տոների շարքին` ունի 35-օրվա տեղաշարժ, այս տարի տոնը նշվելու է հունվարի 21-ին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Տոնի օրը Սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Սրբին նվիրված պատարագ: Տեր Հակոբը ուրախությամբ նշեց, որ վերջին տարիներին տոնը մեծ հասարակայնություն է վայելում: «Դրա վառ ապացույցը երեկվա բազմաթիվ զանգերն են: Հետաքրքրությունը հիմնականում նկատվում է երիտասարդների` մասնավորապես աղջիկների շրջանում, ու հատկանշական է, որ նրանք միայն աղի բլիթի մասին չէին հարցնում, այլև հետաքրքրվում էին տոնի խորհրդի ու նշանակության մասին»։

Աս տոնի մասին շատ ավանդույթներ կան, դրանցից մեկը կապված է աղի բլիթի ու փոխինդի հետ: Տոնին նախորդող գիշերը, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նախապես ճանաչել իրենց կյանքի ապագա կողակցին աղի բլիթ են ուտում: Քահանայի մեկնության համաձայն, գիշերը, Սուրբ Սարգսի հովանավորությամբ, երազում այդ անծանոթը պետք է ջուր առաջարկի: Եթե աղի բլիթ ճաշակողը խմում է այդ ջուրը, ուրեմն, անպայման գտնում է իր «երկրորդ կեսին»: Մեկ այլ ավանդության համաձայն, տան երիտասարդները երդիկին կամ պատուհանին դնում են փոխինդով լի ափսեն ու եթե Սուրբը գիշերը այցելում է ու իր ձիու նալի հետքը թողնում է ափսեի մեջ, նշանակում է այդ տարի տվյալ տանը հարսանիք է լինելու:

Նշենք, որ Սուրբ Սարգսին անվանում են նաև «Արագահաս Սուրբ», քանի որ, ըստ քահանայի, այն միշտ օգնել է կարիքավորներին, սեր ու երջանկություն փնտրողներին: Ըստ ավանդության, Սուրբն ապրել է 4-րդ դարում և զինվորական է եղել: Կոնստանդինոս Մեծ կայսեր կողմից նշանակվել է Կապադովկիայի հունական զորքերի հրամանատար: Դրանից հետո տեղափոխվել է Հայաստան: Մահացել է քրիստոնյաների դեմ մղվող պատերազմում, երբ իր Մարտիրոս անունով զավակի ու 40 զինվորների հետ պայքարել է հանուն քրիստոնեության:

Այս տոնը նշվում է նաև այլ ազգերի մոտ, օրինակ` քրդերի մոտ այն անվանվում է «Խդր Նաբի», ասորիները կոչում են «Մար Սարգիս» (մարը նույնպես սուրբ է նշանակում): Իսկ ռուսներն այս տոնը կոչում են «Մարսեգուլիոս»: