Նախագահ Բարակ Օբաման կճանաչի հայերի ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահի թեկնածու Բարակ Օբաման խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց Մեծ Եղեռնը տեղեկացնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն՝ ԱՀԱԿ (Armenian National Committee of America)։

Օբաման հրապարակել է մի հայտարարություն, որտեղ կոչ է արել ԱՄՆ կոնգրեսին՝ ընդունել 106-րդ բանաձևը, որով ենթադրվում է անցած դարասկզբին Օսմանյան կայսրության տարածքում հայերի ցեղասպանության ճանաչումը,- ասվում է ԱՀԱԿ-ի հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ Օբաման հավաստել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն իր աջակցությունը՝ Հայաստանի անվտանգության և ժողովրդավարության ամրապնդման հարցերում։ Նա խոստացել է նաև նպաստել Հայաստանի հետ Թուրքիայի և Ադրբեջանի սահմանների բացմանը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար։

«Հայկական համայնքը ողջունում է սենատոր Օբամայի կոչը և հայկական համայնքի հետ կապված նրա հայացքները, ինչպես նաև նրա մեկնաբանությունները՝ ԱՄՆ-ի Հայաստանի կառավարությունների վերաբերյալ»,-նշել է ԱՀԱԿ-ի գործադիր տնօրեն Արամ Գամպարյանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՀԱԿ-ն ԱՄՆ-ի բոլոր թեկնածուներին հարցարան է ուղարկել՝ խնդրելով նրանց պատասխանել 19 հարցերի, որոնց մեջ կան հարցեր՝ կապված Հայոց Մեծ Եղեռնի ճանաչմանը նրանց վերաբերմունքին, ԱՄՆ-Հայաստան տնտեսական, քաղաքական և ռազմական կապերին, ԼՂՀ ժողովրդի ինքնավարության իրավունքին, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակմանը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ 40 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։