ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նախագահի թեկնածուն կդիմի Սահմանադրական դատարան
Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում դիմելու է Սահմանադրական դատարան, վիճարկելով արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների՝ ընտրություններին մասնակցելու իրավունք չունենալու հարցը:
«Ես դա համարում եմ ոչ միայն ընտրողների, այլեւ իմ՝ որպես նախագահի թեկնածուի, իրավունքների ոտնահարում», հայտարարել է Արման Մելիքյանը, ով ժամանակին եղել է Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական, դրանից առաջ՝ Ղարաբաղի արտգործնախարար:
Սահմանադրական դատարան դիմումը նախապատրաստվում է այժմ, եւ Արման Մելիքյանն առայժմ ձեռնպահ մնաց մասնավորեցնելուց, թե Ընտրական օրենսգրքի տվյալ դրույթի` Սահմանադրության որ նորմերի հետ անհամապատասխանությունն է վիճարկելու:
Նախկինում Հայաստանի քաղաքացիներն ընտրության իրավունք եւ հնարավորություն ունեին նաեւ արտերկրում գտնվելիս: Ընտրական օրենսգրքի 2007 թվականի փոփոխություններից հետո արտերկրում քվեարկություն կազմակերպելու հնարավորությունը հանվեց:
