ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հարձակում Գյումրիի ԱՍՊԱՐԵԶ ակումբի վրա
Հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը, մոտավորապես ժամը 4:45-ի հատվածում անհայտ անձինք հրդեհել են Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի գրասենյակի պատուհաններից մեկը (Գյումրի, Պուշկինի փ., 96): Բենզինով թրջված փալասը հանցագործները դրել են պատուհանագոգին եւ հրդեհել: Ակումբի գիշերային հերթապահները մինչեւ 4:30-ը գտնվել են գրասենյակի առաջին հարկում եւ նրանց անցուդարձը տեսանելի է եղել դրսից: Այն բանից հետո, երբ, հանգցնելով առաջին հարկի լամպերի մեծ մասը, բարձրացել են երրորդ հարկ, եւ նրանցից մեկը 10-15 րոպեից վերադարձել է նախասրահ, այն գտել է ծխով լցված: Չնայած, որ պատուհանը դրսից սկսել է այրվել, ինչի հետեւանքով ճաքել են ապակիները, հրդեհը հանգել է առանց որեւէ միջամտության` մինչեւ հերթապահների վերադարձը:
Ակումբի գործունեության 8 տարիների ընթացքում 2 անգամ գողացել են ակումբի էներգասնուցման կաբելը, ակումբի նախագահ Ն.Հակոբյանի ավտոմեքենայի մարտկոցներն ու մագնիտոլաները, մի քանի հեռախոսային անանուն սպառնալիքներ են հնչել հեռախոսով եւ 1 անգամ` պատասխանատվության ենթարկելու ու զգույշ մնալու սպառնալիք է հնչել ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի հասցեին` կոնկրետ պետական պաշտոնյայի բերանից, բայց ակումբի ղեկավարները դժվարանում են հրդեհման այս փորձը կապել որեւէ կոնկրետ անձի կամ ատյանի հետ: Ավելորդ չէ հիշեցնել, որ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը, հրդեհման նախորդած օրը մամլո ասուլիս էր տվել, քննադատելով Գյումրու հարկային տեսչության պետի անգործությունը եւ վատ աշխատանքը, իսկ ասուլիսը բավականին հանգամանալից լուսաբանվել էր տեղական լրատվամիջոցներով: Նախկինում ակումբի էներգասնուցման հաղորդալարերի գողության եւ ակումբի նախագահ Ն.Հակոբյանի ավտոմեքենայի մարտկոցների ու ավտոմագնիտոլաների գողությունների դեպքերի մասին ակումբը համապատասխան հայտարարություններ է տվել ոստիկանությանը (2002-2006թթ.), սկսվել են հետաքննություններ, որոնք, բացի քաքշուկներն ու հարցաքննություններում ակումբի աշխատակիցների ժամանակի կորուստը, որեւէ արդյունք չեն տվել, ոչ մի հանցագործ չի գտնվել, չի կալանվել, չի դատվել եւ այլն:
Հունվարի 19-ի գիշերվա հրդեհման մասին ակումբը չի տեղեկացրել ոստիկանությանը, որովհետեւ այս մարմինը բազմիցս ապացուցել է, որ անկարող է որակյալ եւ արդյունավետ հետաքննություններ ու նախաքննություններ իրականացնել, երբ խնդիրը վերաբերվում է լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների իրավունքների պաշտպանությանը: Ակումբի նախագահ Ն.Հակոբյանի խոսքերով` «Ակումբն ինքն իր խնդիրները կկարգավորի մի շարք ինքնապաշտպանական միջոցառումներով»:
