ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկան–պահապանները գործադուլ են հայտարարել
Հայաստանի ջրային օբյեկտների պահպանության գնդի աշխատակիցները հունվարի 24-ին անժամկետ գործադուլ են հայտարարել, պահանջելով լուծել իրենց աշխատավարձերի պարտքի խնդիրը: Ըստ բողոքավորների, արդեն 6 ամիս է, ինչ գնդի 350 աշխատակիցներին չի վճարվում աշխատավարձը, եւ այժմ նրանք ստանում են 2007 թվականի հուլիսի վարձատրությունը: Ընդհանուր առմամբ, պետությունը գնդի աշխատակիցներին պարտք է յուրաքանչյուրին 400 հազար դրամ: Գունդը գտնվում է Հայաստանի Ոստիկանության ենթակայության տակ, սակայն պահպանության ծառայության պատվիրատուն «Երեւանջրմուղկոյուղի» ընկերությունն է, որը Ոստիկանությանը պարտք է 63 միլիոն դրամ:
«Երեւանջրմուղկոյուղին» ասում է, որ ծանոթ է խնդրին, սակայն համարում է, որ պահպանության գնդի աշխատանքի հետ կապված իր բոլոր պարտավորությունները Ոստիկանության հանդեպ, համարում է ժամանակին կատարված: Մինչդեռ Ոստիկանությունը պնդում է հակառակը: Պահպանության գնդի գործադուլավոր աշխատակիցները հայտնել են, որ խնդրի առնչությամբ նամակով դիմել են Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանին, սակայն նա դեռ չի պատասխանել դրան: Ջրային օբյեկտների պահպանության գնդի աշխատակիցները դիմել են հուսահատ քայլի եւ հունվարի 24-ին, Գառնու մշակույթի տանը 38 աշխատակից հայտարարել է անժամկետ գործադուլ սկսելու մասին: Սպասվում է, որ աշխատակիցների պահանջը հունվարի 25-ին կլսի նրանց գնդի ղեկավար, գնդապետ Լեւոն Զաքարյանը:
