Ժիրայր Սէ‎ֆիլյանի և Վարդան Մալխասյանի հայտարարություն Թալինի միջադեպի մասին

Հունվարի 27-ին, Թալինում, Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցների կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ տեղի է ունեցել մեզ համար ցավալի միջադեպ: Իր անխոհեմ պահվածքի համար ժողովրդի կողմից նվաստացման ու պարսավանքի է ենթարկվել Սարգիս Կարապետյանը: Նա Արցախյան ազատամարտին մեծ ծառայություններ մատուցած մեր մարտական ընկերն է: Այս դեպքը տեղի չեր ունենա, եթե այն չունենար իր շարժառիթները, հիմքերն ու պատճառները: Ուստի մենք մեզ պարտավոր են զգում ժողովրդին տեղեկացնելու հետևյալի մասին.

2003թ նախագահական ընտրությունների նախօրյակին իշխանություններին հաջողվեց կոտրել ընդդիմադիր հայացքներ ունեցող Սարգիսի նման խիզախ մարդուն: Նախ զենք կրելու մեղադրանքով նրան կարճաժամկետ բանտարկեցին և պայման դրեցին, որ իշխանությունների հետ համագործակցելու դեպքում ազատություն կստանա, իսկ եթե ոչ` երկարատև բանտարկություն: Դժբախտաբար Սարգիսը համաձայնվեց և այդ օրվանից դարձավ իշխանությունների գործիքն ու ենթական:
Ազատություն ստանալուց հետո, ամիսներ անց, Սարգիսը մեզ պատմել է, որ հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ և նրանից առձեռն վերցրել է որոշակի գումար: Նա նույնիսկ փորձ արեց այդ գումարից բաժին հանել նաև մեզ: Բայց մենք կտրականապես հրաժարվել ենք և իրեն հորդորել, որ հետ կանգնի նման քայլերից, խելքի գա, որ իր տեղը ոչ թե իշխանական ճամբարն է, այլ` ժողովրդի կողքին: Սարգիսը ոչ միայն չլսեց մեզ, այլև շարունակեց այդ գործը և խաղալիք դարձավ իշխանությունների մանկլավիկ Գառնիկ Իսագուլյանի ձեռքին: Վերջինիս հրահանգով բացեց սեփական կուսակցություն, միացավ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանողների ոհմակին և այդ օրվանից ժողովրդի կողմից սիրված Սաքոն կորցրեց իր բարի համբավն ու երբեմնի հեղինակությունը: Սրանով իշխանությունները կրկին անգամ բացահայտեցին իրենց էությունը և Սաքոյի նման մարդուն ներքաշելով նյութապաշտական աշխարհ, բարոյալքեցին ու ոչնչացրին նրան:

Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին մենք կոչ ենք անում ապագայում զգուշանալ նման սադրանքներից և լինել ավելի հանդուրժող: Միաժամանակ կոչ ենք անում Արցախյան պատերազմի մասնակիցներին լինել սթափ և գործիք չդառնալ այս հակահայ ռեժիմի ձեռքին: Ազատամարտիկի տեղը ժողովրդի կողքին է: Այսօրվա համաժողովրդական շարժման հզոր, անհաղթահարելի հեղեղը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ առաջ է շարժվում: Իսկական ազատամարտիկը պետք է լինի այդ շարժման մասնակիցն ու զինվորը:

Ժիրայր Սէ‎ֆիլյան

Վարդան Մալխասյան

Վարդաշենի բանտ

29.01.2008