Հեռուստաընկերությունների լուսաբանումները հավասարակշռված չեն

Հայաստանի հեռարձակող ընկերությունները, այդ թվում Հանրային հեռուստատեսությունը քարոզարշավից առաջ հավասարակշռված չեն լուսաբանել նախագահության թեկնածուներին: Նման եզրակացություն է պարունակվում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի միջանկյալ զեկույցում, որը հրապարակվել է հունվարի 30-ին:

Հունվարի 11-ից 20-ն իրականացված դիտարկումը պարզել է, որ քարոզարշավից առաջ դիտարկված 7 հեռուստակայաններից երեքը իրենց նորություններում 9 թեկնածուներին հատկացված ընդհանուր ժամանակի մեծ մասը նվիրել են Սերժ Սարգսյանին: Մեծամասամբ նա լուսաբանվել է որպես վարչապետ:

«Սերժ Սարգսյանին հատկացված ժամանակը, նույնիսկ հաշվի առնելով նրա պաշտոնական վարչապետական պարտականությունները, Հ2, «Կենտրոն», «Շանթ» եւ «Արմենիա» մասնավոր հեռուստակայաններով գերազանցել է այն ժամանակը, որը կարող է դիտվել օբյեկտիվության չափանիշներին համապատասխան։ Ի տարբերություն բացառապես դրական եւ չեզոք լուսաբանման, որին արժանացել է Սերժ Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը պարբերաբար ներկայացվել է բացասական լույսի ներքո: Երկու հեռուստակայաններում`Հ2-ում եւ ԱԼՄ-ում Լեւոն Տեր-Պետրոսյանի բացասական լուսաբանման ծավալը գերազանցել է դրական եւ չեզոք լուսաբանումը միասին վերցրած»,-ասված է զեկույցում:

«Մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ Հանրային ռադիոն ընդհանուր առմամբ ավելի հավասարակշռված մոտեցում է ցուցաբերել թեկնածուներին հատկացված ժամանակի հարցում, քան հեռուստակայանները: «Ազատություն» ռադիոկայանի եթերը պարունակում էր ավելի մեծ բազմազանություն` թեկնածուներին լուսաբանելիս, ներկայացնելով Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին դրական, բացասական եւ չեզոք երանգներով», - արձանագրել են զեկույցի հեղինակները: