Այս անգամ գործ չհարուցվեց

«Առավոտ» օրաթերթի 18.01.08թ. թիվ 243 համարում «Ընտրակաշառք են խոստանում» խորագրով տպագրված հոդվածում, վկայակոչելով ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Մուրադ Գրիգորյանին, նշվել էր, որ բազմաթիվ ահազանգեր են հնչում թիվ 33 ընտրատարածքում ընտրակաշառքներ բաժանելու նպատակով բացահայտ ցուցակագրում սկսվելու մասին: Փոխանցելով նույն աղբյուրի տրամադրած տեղեկատվությունը՝ հրապարակման հեղինակը նշել էր, որ ընտրակաշառք բաժանողները «ԱԺ ընտրությունների ժամանակ այդ տեղամասում մեծամասնականով առաջադրված Հանրապետական թեկնածու Աշոտ Աղաբաբյանի օգտին աշխատած նույն մարդիկ են»: Հոդվածում մատնանշված հանգամանքները ստուգելու եւ համապատասխան ընթացք տալու համար ՀՀ գլխավոր դատախազության կողմից այն վերահսկողությամբ ուղարկվել է Շիրակի մարզի դատախազություն:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում բացատրություններ են տվել ինչպես ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը, այնպես էլ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Աշոտ Աղաբաբյանի նախընտրական աշխատանքները կոորդինացրած Լ.Ավդալյանը, ընտրատարածքի տարբեր ընտրողներ:

Մ.Գրիգորյանն իր բացատրություններում հրաժարվել է կոնկրետ որեւէ տվյալ տրամադրել՝ ասելով, որ չի կարող վերը նշված հոդվածում շարադրվածի վերաբերյալ կոնկրետ անուններ եւ փաստեր ներկայացնել, քանզի չի տիրապետում. ահազանգողներից կոնկրետ տվյալներ չեն ստացել, հետեւապես չեն կարող ասել, թե ովքեր են եղել ահազանգողները:

Լ.Ավդալյանը պնդել է, որ իրենց կողմից ոչ մի ցուցակագրում չի անցկացվել, որեւէ ընտրակաշառք չի բաժանվել: Նա կարծիք է հայտնել, որ նման հերյուրանքների տարածումով փորձ է արվում մոլորեցնել ընտրողներին եւ բացասական կարծիք ձեւավորել իրենց կողմից պաշտպանվող թեկնածուի դեմ: Ցուցակագրելու եւ ընտրակաշառք բաժանելու մասին Մ.Գրիգորյանի՝ «Առավոտ» օրաթերթին փոխանցած տեղեկատվությունը հերքել են նաեւ ընտրատարածքի ընտրողները:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույնպես «Առավոտ» օրաթերթում տպագրված տեղեկությունները չեն հաստատվել: Վերոգրյալի հիման վրա 30.01.08թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: