ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը եւ Գերմանիան ընդդեմ անօրինական միգրացիայի
Հայաստանը եւ Գերմանիան համագործակցելու են անօրինական միգրացիայի դեմ պայքարում, փետրվարի 5-ին ԱԺ նիստում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը՝ ներկայացնելով Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջև կնքված «Հայաստանի եւ Գերմանիայի տարածքում անօրինական կերպով գտնվող անձանց փոխադարձ հանձնման եւ տրանզիտային տեղափոխության մասին» համաձայնագիրը (Ռեադմիսսիայի մասին համաձայնագիր)։«Համաձայնագիրը կոչված է ուժեղացնել պետությունների պայքարն անօրինական միգրացիայի դեմ, օրինականացնել այն անձանց հայրենիք վերադարձը, ովքեր Հայաստանի և Գերմանիայի տարածքում են գտնվում առանց համապատասխան թույլատրության»,- տեղեկացրել է փոխնախարարը։ Ղարիբջանյանի խոսքերով, Ռեադմիսսիայի մասին համաձայնագիրը հատկապես օգտակար կլինի Գերմանիայում անօրինական հիմունքներով բնակվող Հայաստանի քաղաքացիների համար։ ԱԳ փոխնախարարը նկատել է, որ ներկայումս Գերմանիայում է գտնվում հայկական պատվիրակությունը, որը պարբերաբար հանդիպումներ է անցկացնում Հայաստանից ապօրինի միգրանտների հետ՝ հնարավորությունների սահմաններում տրամադրելով նրանց օգնություն։
