Հեռակա բանավեճ քաղաքական ենթատեքստով

Ժիրայր Սէ‎ֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ստացվել են տեղեկություններ, թե աշխատանքից ազատվել են ՔԿՀ–ի անվտանգության գծով պետի տեղակալ մայոր Գագիկ Հովհաննիսյանը և անվտանգության ծառայության պետ մայոր Արսեն Գրիգորյանը: Վերջինիս ազատման ստույգ պատճառը դեռ հայտնի չէ, իսկ Գագիկ Հովհաննիսյանը հեռացվել է այն պատճառով, որ նրա հայրը` Համլետ Հովհաննիսյանը Ալավերդիում մասնակցել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքին: Սա արդեն երկրորդ նման դեպքն է այս քրեակատարողական հիմնարկում: Ավելի վաղ աշխատանքից հեռացվել էր կապիտան Հրաչ Գոգինյանը, այն հիմնավորմամբ, որ իր հայրը առաջին նախագահին սատարող կուսակցություններից մեկի անդամ է։

Իսկ ՀՀ արդարադատության նախարարությունը հերքում է նշված լուրը։ Նախարարության հողորդագրության համաձայն, իրականության հետ որևէ կապ չունեն լուրերն այն մասին, որ անվտանգության գծով պետի տեղակալ, արդարադատության մայոր Գագիկ Հովհաննիսյանի պաշտոնից ազատման պատճառ է դարձել այն, որ իբր վերջինի հայրը, Համլետ Հովհաննիսյանը, մասնակցել է ընդդիմադիր նախագահի թեկնածուի կողմից անցկացված նախընտրական հանրահավաքին:

Իսկ ինչ վերաբերում է այն պնդմանը, թե «նման դեպք արդեն երկրորդ անգամ է տեղի ունենում այս քրեակատարողական հիմնարկում և որ ավելի վաղ աշխատանքից հեռացվել էր կապիտան Հրաչ Գոգինյանը, այն հիմնավորմամբ, որ իր հայրը նախկին նախագահին սատարող կուսակցություններից մեկի անդամ է», այս կապակցությամբ ԱՆ-ից հեշեցնում են, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի անվտանգության գծով տեղակալն ազատվել է համաձայն իր դիմումի: Ընդ որում, դիմումում հստակ նշել է այլ աշխատանքի անցնելու ցանկությունը:

Իսկ նշված նախորդ «ազատումը» ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում, այն պարզ պատճառով, որ վերջինը պարզապես տեղափոխվել է «Էրեբունի» քրեատարողական հիմնարկ` պաշտոնի բարձրացմամբ: