Մեկ միջադեպ երեք արձագանք

Փետրվարի 6-ին նախագահի թեկնածու Լեւոն Տեր–Պետրոսյանի Արտաշատում կայացած նախընտրական հավաքի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որի վերաբերյալ իրար հակասող հայտարարություններ են տարածել թեկնածուի շտաբը եւ ոստիկանությունը։

Ըստ ոստիկանության.

«Փետրվարի 6-ին, Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի դիմաց տեղի է ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հերթական հանդիպումը ընտրողների հետ, որի ընթացքում թեկնածուն եւ նրա թիմակիցները անձնական վիրավորանքներ ու անվանարկումներ են հնչեցրել որոշ պաշտոնյաների հասցեին: Հանրահավաքին մասնակցող երեք քաղաքացիներ պահանջել են վերջ տալ անպարկեշտ ու վիրավորական արտահայտություններին, ինչին ի պատասխան` միջոցառման կազմակերպիչների համախոհ չորս-հինգ երիտասարդներ քաշքշել, գցել են գետնին ու հարվածներ են հասցրել դիտողություն անողներին` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ: Տուժածների կողմնակիցները դիմել են պատասխան գործողությունների: Տարածքային կառավարման մարմինների ղեկավարների եւ ոստիկանության գործուն եւ օպերատիվ միջամտության շնորհիվ հաջողվել է իրավիճակը արագորեն վերցնել հսկողության տակ եւ խուսափել անկանխատեսելի զարգացումներից: Միջադեպի մասնակից անձանց ինքնությունը ճշտված է եւ նրանք բերման են ենթարկվել ոստիկանություն: Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Նախապատրաստվում են նյութեր: Այսպիսի մարտավարություն որդեգրածներին զգոնության եւ զսպվածության կոչ ենք անում, առաջարկում ենք զերծ մնալ սադրանքների գայթակղությունից եւ հակաօրինական գործողություններից, արհեստականորեն չլարել իրավիճակը, ինչը կարող է հանգեցնել ծանր հետեւանքների»:

Ըստ Լեւոն Տեր–Պետրոսյանի շտաբի.

«Փետրվարի 6-ին ՀՀ Առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի է մեկնել Արարատի մարզ։ Արտաշատում՝ ավազակապետության որջերից մեկում, չնայած բնակչության վրա նախորդ օրերին գործադրված ճնշումներին, սպասվում էր չափազանց մարդաշատ հանրահավաք։ Ժամը 13.15-ի սահմաններում հանրահավաքի ժամանակ մի խումբ խուլիգաններ սկսել են քարեր, սառույցի և բետոնի կտորներ նետել ինչպես հանրահավաքի մասնակիցների, այնպես էլ հարթակի ուղղությամբ, որտեղ կանգնած են եղել ՀՀ Առաջին նախագահը եւ նրան սատարող քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Ըստ Արտաշատի բնակիչների` նրանք գործել են Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի որդու գլխավորությամբ։ Հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը դիմել է միջոցառման անվտանգությունն ապոհովելու կոչված ոստիկաններին` կանխել սադրանքը եւ կարգի հրավիրել դրա հեղինակներին։ Ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկել։ Նույնպիսի անգործություն է դրսևորել նաեւ Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը, որը բարձրանալով հարթակ, սկսել է չքմեղանալ` հայտարարելով, թե նման բան չի տեսել։ Չհանդարտվելով, դուսրպրծուկների հանցախումբը սկսել է քարեր նետել Լևոն Տեր-Պետրոսյանի մեքենայի ուղղությամբ։ Ապա 7-8 հոգով հարձակվել են նրա անվտանգության ծառայության պետի տեղակալ, մեքենայի մոտ հսկողություն իրականացնող, պետական պահպանության ծառայության փոխգնդապետ Սարգիս Հովհաննիսյանի վրա` նրան մարմնական վնասվածքներ պատճառելով գլխի շրջանում։ Սարգիս Հովհաննիսյանը տեղափոխվել է հիվանդանոց։

Միջադեպից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Արտաշատի ոստիկանություն եւ, ներկայացնելով միջադեպի մանրամասները, պահաջել բացահայտել բոլոր մեղավորներին, շեշտելով, որ յուրաքանչյուր հարձակում իր անվտանգության ծառայության վրա համարում է հարձակում իր վրա։
Հանցավոր այս սադրանքը կազմակերպվել է ավազակապետական իշխանության կողմից։ Հայտնի է դարձել, որ այն անձամբ նախապատրաստվել է Հովիկ Աբրահամյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի եւ մարզպետարանի սոցապ բաժնի պետի գլխավորությամբ։ Վերջինս նաեւ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է։ Ոստիկանությանը հրահանգված է եղել չմիջամտել, ինչը եւ նրանք արել են։

ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբը հայտարարում է, որ հանցագործ իշխանությունների կողմից հրահանգված ու կազմակերպված որեւէ սադրանք անկարող է մեզ հունից հանել կամ կասեցնել մեր հաղթական ընտրարշավը, որը փետրվարի 19-ին ավարտվելու է անխուսափելի հաղթանակով։ Տեղի ունեցածը բանական բանավեճի անընդունակ եւ հոգեվարք ապրող ավազակապետական իշխանության վերջին ճանկռտոցներն են։ Հայտարարում ենք նաեւ, որ փետրվարի 20-ից հետո բոլոր սադրիչները կանգնելու են դատարանի առջեւ եւ պատասխանատվություն են կրելու օրենքի ամբողջ խստությամբ»։

Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ 2008 թվականի փետրվարի 6-ին Երեւան քաղաքի բնակիչ, ՀՀ պետական պահպանության ծառայության 4-րդ բաժնի 1-ին բաժանմունքի պետ, ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի անդամ Սարգիս Հովհաննիսյանից ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը նա ներկա է գտնվել Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հրապարակում ընտրողների հետ ունեցած հանդիպմանը: Հանդիպման ընթացքում իրեն անծանոթ 4-5 երիտասարդներ քարեր են նետել հանրահավաքի մասնակիցների վրա, ինչը փորձել է կանխել, որի հետեւանքով նշված երիտասարդները հարձակվել են իր վրա, հարվածել ձեռքերով ու ոտքերով՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նույն ժամանակ Արարատի մարզի Ախչյան գյուղի բնակիչ Ռայա Ասատրյանը եւ Արտաշատի բնակիչ Օֆելյա Հովսեփյանը դիմումներ են ներկայացրել ոստիկանության Արտաշատի բաժին, որ ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մյուս հռետորների կողմից վիրավորական եւ անպարկեշտ արտահայտություններ են արվել կառավարության հասցեին: Իրենք բարձրաձայն առարկել են, որի կապակցությամբ միջոցառման կազմակերպիչների համախոհ, իրենց անծանոթ 4-5 երիտասարդներ քաշքշել են իրենց, հարվածել, գցել գետնին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Հաղորդում տված անձանցից ստացվել են բացատրություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 258-րդ հոդվածի 2-րդ մասի (Խուլիգանություն) հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: