ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նախագահի թեկնածու Լեւոն Տեր–Պետրոսյանը դիմում է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան, ուր նշված է «2008 թվականի ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանից անկախ պատճառներով, արդեն իսկ, առաջացած խոչընդոտներն անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունը ՀՀ Ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին: Հանրային հեռուստառադիոընկերությունը, «Հ1» հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի միջոցով, ՀՀ օրենսդրության (Ընտրական օրենսգրքի 18-րդ, 20-րդ եւ 22-րդ, ինչպես նաեւ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 11-րդ եւ 28-րդ հոդվածներ), պահանջների կոպիտ խախտումներով, երեք ամիս շարունակ առ այսօր, հակաքարոզչական զանգվածային հաղորդումներ է հեռարձակել ՀՀ Առաջին Նախագահ, ՀՀ Նախագահի առաջադրված եւ գրանցված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Հանրային հեռուստատեսությամբ նախընտրական քարոզչության համար թեկնածուներին տրամադրված եւ հեռուստալսարանի համար շատ անհարմար ժամանակը, որեւէ հնարավորություն չի տալիս անգամ մեղմացնել «Հայլուր»-ի հակաքարոզչությունը: ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը ձեռնարկել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր միջոցները` կանխելու Նախագահի թեկնածուի նկատմամբ իրականացվող օրինախախտումները կամ վերացնելու դրանց հետեւանքները, սակայն այդ նախաձեռնությունները որեւէ դրական արդյունքի չեն բերել: Մեր երկրի ընտրություններում առաջին անգամ թեկնածուներից մեկը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ իրենից անկախ պատճառներով չի կարողանում մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններով նախընտրական քարոզչություն իրականացնել, այն է` հաղթահարել իր նկատմամբ կիրառված նախադեպը չունեցող պետական հակաքարոզչության հետեւանքները եւ մասնակցել ՀՀ Ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներինե: Այս ամենը նկատի ունենալով էլ, Լեւոն տեր–Պետրոսյանի թիմը ՍԴ–ից խնդրում է «2008 թվականի ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համար առաջացած խոչընդոտները ճանաչել անհաղթահարելի»: Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով ավարտել է դիմումի նախնական ուսումնասիրումը, աշխատակարգային որոշմամբ գործն ընդունել է քննության եւ նախապատրաստում է դատաքննությունը:
