ՍԴ–ն մերժեց Լեւոն Տեր–Պետրոսյանը դիմումը

ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր–Պետրոսյանը փետրվարի 6-ին դիմել էր ՀՀ սահմանադրական դատարան։ Ըստ Լեւոն Տեր–Պետրոսյանի. «2008 թ. ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանից անկախ պատճառներով, արդեն իսկ, առաջացած խոչընդոտներն, անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունը ՀՀ Ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին»։

Դիմումում բերված են օրինակներ.

«Հանրային հեռուստառադիոընկերությունը, «Հ1» հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի միջոցով, ՀՀ օրենսդրության /Ընտրական օրենսգրքի 18-րդ, 20-րդ և 22-րդ, ինչպես նաև, «Հեռուսատատեսության և ռադիոյի մասին» օրենքի 11-րդ և 28-րդ հոդվածներ/, պահանջների կոպիտ խախտումներով, երեք ամիս շարունակ առ այսօր, հակաքարոզչական զանգվածային հաղորդումներ է հեռարձակել ՀՀ Առաջին Նախագահի, ՀՀ Նախագահի առաջադրված և գրանցված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ:

ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ պետական այս աննախադեպ հակաքարոզչությունն արձանագրել է նաև «Երևանի մամուլի ակումբ» ՀԿ-ը իր համապատասխան դիտարկումների արդյունքում, դիտողություններ են ներկայացրել ԵԽ Գլխավոր քարտուղարը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն իր 1-ին զեկույցում /3/»։ Եվ արդյունքում. «Մեր երկրի ընտրություններում առաջին անգամ թեկնածուներից մեկը, հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ իրենից անկախ պատճառներով չի կարողանում մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններով նախընտրական քարոզչություն իրականացնել, այն է` հաղթահարել իր նկատմամբ կիրառված նախադեպը չունեցող պետական հակաքարոզչության հետևանքները և մասնակցել ՀՀ Ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին»։

Փետրվարի 11-ին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է մերժել Լեւոն Տեր–Պետրոսյանի դիմումը. «ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց. առաջին` դիմողի ներկայացրած փաստարկները` ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածի, ՍԴ-ի մասին ՀՀ օրենքի 75 հոդվածի իրավակարգավորման առարկայի շրջանակներում, 2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համար չեն կարող համարվել որպես անհաղթահարելի խոչընդոտներ: Երկրորդ` ՀՀ ՍԴ-ի մասին 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից», արձանագրված է ՀՀ ՍԴ որոշմամբ։