ԳԱԼԱ–ի պաշտպանության շտաբի հայտարարությունը

Ինչպես հայտնի է, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ»–իԳԱԼԱ հեռուստաընկերության եւ «ՉԱՊ» ՍՊԸ»–ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի» գործերը լսվելու են միացյալ:

Այս առթիվ հայտարարություն է տարածել Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբը. Հայտարարությունում ասվում է «Վաղը` փետրվարի 14-ին լրանում է ԳԱԼԱ ՀԸ դեմ ՀՀ մերձավտորիտար ռեժիմի լայնամասշտաբ հարձակման 4-րդ ամիսը: ՀՀ Նախագահի աշխատակազմից` Վիկտոր Սողոմոնյան, Գյումրու հարկային տեսչության պետ Մարտին Զիլֆիմյան, ՀՀ ԿԱ ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյան, ՀՀ ԿԱ ԱԱԾ Գյումրու եւ Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյան, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյան, քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյան, ՀՊԾ օպերլիազորներ, քննիչ Քալաշյան եւ այլն: Մենք` բոլորիս ազատությունները հարգողներս, երբեք չենք մոռանալու սրանց, սրանք` Խոսքի ազատության դեմ խայտառակ պատերազմի սանձազերծիչները, իրենց տեղն են գտնելու Խոսքի ազատության համար մղված կռիվների պատմության դասագրքերի հավելվածներում` որպես պետական ու համայնքային պաշտոնյաների անընդօրինակելի նմուշներ ու առաջընթացին հակացուցված պատմական օրինակներ:

Առճակատումը շարունակվում է: Մենք գիտենք, որ 4 ամիսը արդեն հաղթանակ է. իրենց ձեռից եկած ամեն բան արեցին հեռուստաընկերությունը լռեցնելու համար. 2 դատական գործ, հեռուստատեսության գնի չափ հարկային պարտքուպահանջ, օրինական ֆինանսավորման աղբյուրների փակում գովազդատուներին ահաբեկելու միջոցով, հսկայական եւ աննախադեպ նյութական ու բարոյական վնասներ: Բան դուրս չեկավ, չի ստացվելու:

Ընկերությունը եւ Խոսքի ազատության ու ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը հետամուտ են լինելու, որ Ազատ խոսքի եւ հեռուստաընկերության վնասատուները պաշտոնանկվեն, արժանի պատիժ ստանան ու փոխհատուցեն ընկերության կրած բարոյական եւ նյութական բոլոր վնասները»: