ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թեկնածուները սկսել են շատ ծախսել
Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած տեղեկության, փետրվարի 8-ի դրությամբ ՀՀ նախագահի աթոռի համար պայքարող 9 թեկնածուներից ամենաշատ գումար կա Սերժ Սարգսյանի նախընտրական հիմնադրամում։ Փետրվարի 8-ին նա ուներ 65.270 միլիոն դրամ եւ ծախսել էր 58.740 միլիոնը։ Երկորդ տեղում Վահան Հովհաննիսյանն է, ով սակայն ունեցած 49 միլիոնից 48.944 միլիոնն է ծախսել։ Երրորդը՝ Արթուր Բաղդասարյանն է, ով Վահան Հովհաննիսյանի նման ունեցած մեծ մասը ծախսել է. 33.210 միլիոնից նրան մնացել է հազիվ 58 240 դրամ։ Առաջվա նման փող չունի թեկնածու Արման Մելիքյանը։ Տիգրան Կարապետյանը փետրվարի 8–ի դրությամբ ծախսել է ողջ ունեցածը՝ 9 580 000 դրամ։
Բոլոր թեկնածուներն էլ քարոզչության վերջին շաբաթվա ընթացքում սկսել են ավելի շատ ծախսել։ Լեւոն Տեր–Պետրոսյանը ծախսել է ունեցած 22.3 միլիոնից 21.5 միլիոնը, Արտաշես Գեղամյանը՝ 14.6 միլիոնից 14.3 միլիոնը, Արամ Հարությունյանը՝ 1.19 միլիոնից, 1.03 միլիոնը, Վազգեն Մանուկյանը 4.4 միլիոնից՝ 3.5 միլիոնը։
Առաջվա նման Վահան Հովհաննիսյանը միակ թեկնածուն է, ում նախընտրական քարոզարշավին ֆինանսական մասնակցություն ունի նրան առաջադրած կուսակցությունը, իսկ ՀՀ–ում գրանցված իրավաբանական անձանցից ամենաշատ ներդրումներ ունեն Լեւոն Տեր–Պետրոսյանի քարոզարշավում՝ 153 իրավաբանական անձ ներդրել է 21.3 միլիոն դրամ։
