Պարզաբանում է գլխավոր դատախազությունը

Ի պատասխան «Հայկական ժամանակ» օրաթերթի 13.02.08թ. թիվ 27 համարում տպագրված «Ազատել
են՝ Սերժին չծառայելու համար» վերտառությամբ հոդվածի ՀՀ գլխավոր դատախազի մամուլի
քարտուղարը հայտարարել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն»
քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Գ.Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական
օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու՝ պաշտոնեական
լիազորություններն անցնելով դատապարտյալ Ռոբերտ Կարապետյանի նկատմամբ բռնություններ
գործադրելու մեջ:

Դեպքը տեղի է ունեցել 2007 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 12-ի սահմաններում, որի
առթիվ ոստիկանությունում 04.09.07 հարուցվել է քրեական գործ, ինչը 2007 թվականի
դեկտեմբերի տեղափոխվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գ.Հովհաննիսյանին առաջադրվել է մեղադրանք եւ
նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Նշված քրեական գործի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին հրապարակման մեջ վերագրվող
արտահայտություններն ու մեկնաբանությունները իրականության հետ որեւէ ընդհանրություն
չունեն: Գ.Հովհաննիսյանի հայրը՝ Հ.Հովհաննիսյանը 09.02.08թ. հանդիպում է խնդրել ՀՀ
հատուկ քննչական ծառայության պետից, սակայն ընդունելությունը տեղի չի ունեցել (ՀՀ
արդարադատության նախարարության շենքում բռնկված հրդեհի պատճառով):