ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նոր ժամականեր կուսակցության հայտարարությունը
Այսօր ՀՀ նախագահի ընտրության վերաբերյալ հայտարարություն է տարածել Նոր Ժամանակներ կուսակցությունը: Կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Հայաստանում չէ, հայտարարությունը ներկայացրել է կուսակցության վարչության անդամ Հրաչ Սարգսյանը:
Նոր ժամականեր կուսակցության հայտարարությունը.
«Հայաստանի նախագահի ընտրական մրցավազքի եզրափակիչ փուլում հայ հասարակությունը հայտնվել է շատ վտանգավոր մի եզրագծի, որի գլխավոր պատասխանատուն գործող իշխանական վերնախավն է, քանզի նա, օգտագործելով սեփական ունակությունների եւ արժեքային ընկալումների ողջ զինանոցի ներդրմամբ ձեւավորված` մինչեւ կոկորդը կրմինալի մեջ թաթախված վարչակարգի հակազգային եւ հակաժողովրդավարական բոլոր միջոցները, ոչնչի առաջ կանգ չառնելով ի սկզբանե լրջագույն հարված հասցրեց այս կարեւորագույն համապետական ընտրության լեգիտիմությանը: Նոր Ժամանակներ կուսակցությունը գտնում է, որ նախագահի ընտրությանը գրանցվելու հնարավորություն չտալով ՆԺԿ առաջնորդ, արմատական ընդդիմադիր գործի Արամ Կարապետյանին, իշխանությունը լուրջ հարված է հասցրել նախագահի ընտրության լեգիտիմությանը: Վարչակարգի կողմից նախընտրական շրջանում իրականացվող գործողությունների տրամաբանությունը վկայում է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի համակարգային փոփոխությունը հնարավոր է բացառապես համաժողովրդական շարժման միջոցով: Ինչպես եւ կանխատեսվում էր Ազգային Ժողովի 2007 թվականի ընտրությունների ընթացքում, ՆԺԿ-ի, Իմպիչմենտ դաշինքի եւ Հանրապետություն կուսակցության համատեղ ջանքերով բարձրացված համաժողովրդական շարժման ալիքը իր տրամաբանական զարգացումն ունեցավ 2008 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում: Նոր Ժամանակներ կուսակցությունը պաշտպանում է այդ համաժողովրդական շարժումը, որն առաջնորդում է Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հայ հասարակությունն իր մեջ ուժ է գտել ու ոտքի է կանգնել սեփական արժանապատվությունը ոտնահարող բարքերից ձերբազատվելու համար եւ ՆԺԿ-ն բնականաբար ժողովրդի հետ է»:
