ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Այց ռազմական ինստիտուտ
Փետրվարի 14-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի գլխավորած խումբն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Օմբուդսմենի գրասենյակը, այցի նպատակն էր ծանոթանալ ինստիտուտի առօրյա գործունեությանը, կուրսանտների իրավունքների պաշտպանության վիճակին, սանիտարահիգիենիկ պայմաններին, ինչպես նաև ինստիտուտի ուսումնական հնարավորություններին:
Ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Գ. Գաբրիելյանի ուղեկցությամբ խմբի անդամները շրջեցին ինստիտուտի տարածքով, այցելեցին զորանոցներ, ճաշարան, բուժկետ, ծանոթացան ինստիտուտի կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններին: Ինստիտուտի կենցաղային պայմանները բարվոք են: Ինստիտուտում առկա է կենտրոնացված ջեռուցում: Զորանոցները, լսարանները, բուժկետը, ճաշարանները պատշաճ ջեռուցվում են: Կուրսանտների հանգստի սենյակները պատշաճ կահավորված են և հագեցած են տեխնիկական միջոցներով:
Ինստիտուտում կան ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և պարսկերեն լեզուների լինգաֆոնային լսարաններ:
Շրջայցից հետո, Ա. Հարությունյանի հանձնարարությամբ, Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպեցին կուրսանտների հետ: Կուրսանտները զրույցի ընթացքում նշեցին, որ գոհ են, ինստիտուտի թե կենցաղային և թե կրթական պայմաններից: Նրանք հավելեցին, որ ինստիտուտի հրամանատարական-դասախոսական կազմի վերաբերմունքից էլ դժգոհություն չունեն, քանի որ ինչպես ասաց կուրսանտներից մեկը. «դասախոսների մեծ մասն այս ինստիտուտի շրջանավարտներ են և քաջատեղյակ են կուրսանտների խնդիրներին ու հոգսերին»:
Պաշտպանը հույս հայտնեց, որ հենց այս սպաներն էլ պետք է հանդիսանան ՀՀ զինված ուժերում ժողովրդավարական արժեքային համակարգի կերտողներն ու պաշտպանները` ի նպաստ ՀՀ կայունության, անվտանգության և խաղաղության:
