ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արդարացվածների թիվը աճել է
2007 թվականին դատական իշխանության մարմինների գործունեության վերաբերյալ վիճակագրության համաձայն, 2007 թվականին ՀՀ-ում դատապարտվել է 3520 մարդ, 2006 թվականի համեմատ 285 մարդով պակաս: Դատապարտվածներից 179-ը անչափահասներ են:
Ըստ վիճակագրության առավել տարածված հանցատեսակ շարունակում է մնալ գողությունը: Այս հանցատեսակի համար դատապարտվել է 864 անձ: Շարունակվում է տարածված մնալ նաև խուլիգանությունը: 2007 թվականին խուլիգանության համար դատապարտվել է 267 մարդ:
Ընդհանուր դատապարտվածների թվի մեջ շարունակում է զգալի մնալ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման համար դատապարտվածների թիվը` 181 մարդ՝ դատապարտվածների ընդհանուր թվի 5.1%-ը:
Աճել է սպանության համար դատապարտվածների թիվը: 2007 թվականին 71 մարդ է դատապարտվել սպանության համար: Իսկ ավազակության համար դատապարտվածների թիվը նվազել է:
2006 թվականի համեմատ աճել է արդարացվածների քանակը: 2006-ին դատարանների կողմից արդարացվել էր ընդամենը 4, իսկ 2007-ին` 10-ը մարդ:
