Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հայտարարությունը

Փետրվարի 15-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Գյումիրում կայացած հանրահավաքից հետո Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը տարածել է հետեւյալ հայտարարությունը.

Այսօր Գյումրիում տեղ ունեցած` Սարգսյան Սերժ նախագահական թեկնածուի մասնացությամբ եւ վարչական ռեսուրսի լայն ներգրավմամբ կայացած հանրահավաքի ժամանակ, մասնակիցներից մի զույգի ձեռքին եղել է «Առաջ Հայաստան, «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ» վերտառությամբ պաստառ:

Ժուռնալիստներ «Ասպարեզ» ակումբը հայտարարում է, որ այդ պաստառը բռնողները, դրանց հրապարակ բերողները, պաստառը մոգոնողները եւ նկարողները որեւէ կապ չունեն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ:

Այդ նկարչությունը գնահատում ենք ակումբի հեղինակությունը արատավորելու եւ ակումբը վարկաբեկելու հուսահատ փորձ: Ակումբը Հայաստանի առաջընթացի առավել արդյունավետ եղանակներ գիտե, քան առաջադիմության մասին դատարկ կոչերն են: Ակումբին ավելի հարազատ են «Մաքուր Հայաստան» «Ազնիվ Հայաստան» եւ «Առանց հանրահավաքի քշվածների Հայաստան» նշանաբանները, քան առանց կետադրության «Առաջ Հայաստան» լոզունգը: Կետադրության բացակայությունը այս բառակապակցության մեջ խոսում է այն մասին, որ նկարիչները եւ դրանց դաս տվողները հայոց լեզվի տարրական ուսումնառության կարիք ունեն. կարող ենք ուսուցանել:

Պաստառը բռնողների լուսանկարները Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը տրամադրելու է իրավապահ մարմիններին` համապատասխան հետաքննություն իրականացնելու, զեղծարարներին եւ դրանց պատվիրատուներին բացահայտելու համար:

Լեւոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ