ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԿԸՀ–ն պատրաստ է, «Ժառանգությունը»՝ նույնպես
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամբողջությամբ պատրաստ է նախագահի ընտրությանը։ «Ժառանգություն» կուսակցությունը եւս մտադիր է երեք ժամը մեկ պարբերականությամբ իրականացնել տեղեկատվության հրապարակում հանրապետությունում ընտրողների մասնակցության թվի եւ նաեւ արձանագրված խախտումների վերաբերյալ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամբողջությամբ պատրաստ է նախագահի ընտրությանը, իրականացրել է ընտրական գործընթացում իր համար օրենքով սահմանված գործողությունները եւ չունի որեւէ խնդիր, նախագահի ընտրությունից մեկ օր առաջ լրագրողներին ասել է ԿԸՀ նախագահի տեղակալ Աբրամ Բախչագուլյանը:
Աբրամ Բախչագուլյանը հայտնել է, որ Հայաստանի նախագահի ընտրության բոլոր քվեաթերթիկները Հայինկասացիայի մեքենաներով հասցվել են տեղամասեր: Դրանք տպվել են համաձայն ընտրողների քանակի գումարած դրանց երեք տոկոսը, ինչպես սահմանված է օրենքով: Աբրամ Բախչագուլյանի տվյալով, Հայաստանի ընտրողների թիվը մոտ 2 միլիոն 328 հազար 500 մարդ է: Այսպես կոչված լրացուցիչ ցուցակներում, որոնք կազմվում են իրենց գրանցման վայրի փոխարեն այլ տեղ քվեարկելու ցանկություն հայտնած քաղաքացիներով, կա 18-19 հազար մարդ, իսկ ստացիոնար բուժման մեջ գտնվող եւ քվեարկության ցանկություն հայտնած անձանց թիվը մոտ 2500 է:
Աբրամ Բախչագուլյանը նշել է նաեւ, որ ԿԸՀ-ն ընտրողների մասնակցության տվյալները ներկայացնելու է ընտրության օրը երեք ժամը մեկ, ինչպես պահանջում է օրենքը: Դա վերաբերում է նաեւ ձայների հաշվելու մասին տեղեկություններին: Առաջին ներկայացումը լինելու է ընտրության մեկնարկից` ժամը 8-ից մեկ ժամ անց, ժամը 9-ին, իսկ հետո երեք ժամը մեկ պարբերականությամբ: ԿԸՀ-ն պարտավոր է ընտրության ավարտից, այսինքն ժամը 20-ից 24 ժամ անց ներկայացնել ընտրության նախնական արդյունքը, իսկ երեք օր անց վերջնականը: Արդյունքը վերջնականապես ամփոփվում եւ արձանագրվում է ընտրության ավարտից յոթ օր անց, քանի որ թեկնածուները մինչ այդ ունեն արդյունքը բողոքարկելու եւ վերահաշվարկ պահանջելու իրավունք:
Նույն օրը «Ժառանգություն» կուսակցությունն է հայտարարել, որ փետրվարի 19-ին կուսակցության գրասենյակում բացվելու է տեղեկատվական կենտրոն, ուր երեք ժամը մեկ պարբերականությամբ իրականացվելու է տեղեկատվության հրապարակում հանրապետությունում ընտրողների մասնակցության թվի եւ նաեւ արձանագրված խախտումների վերաբերյալ: Կուսակցությունը տեղեկատվությունը տարածքներից ստանալու է ընտարատածքային հանձնաժողովներում իր անդամներից, իսկ նրանք էլ իրենց հերթին` տեղամասային հանձնաժողովների Ժառանգության անդամներից: Կուսակցության գրասենյակում գործելու է նաեւ արագ արձագանքման խումբ, որի ղեկավարն է Անահիտ Բախշյանը։ Ժառանգությունը սերտ համագործակցելու է այն արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, որոնց տրամադրել էր հանձնաժողովների իր որոշ տեղերը: Դրանք են ՀՀՇ, ՀԺԿ, Հանրապետություն, ԱԺՄ:
