Մեկ մեղադրյալ կա

Արտաշատի դեպքերի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ եւ փետրվարի 16-ին քաղաքացի Արմեն Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել եւ նա քրեական գործում ներգրավվել է որպես մեղադրյալ:
Ինչպես հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը «Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի փետրվարի 6-ին Արտաշատ քաղաքի Շառլ Ազանավուրի անվան Մշակույթի տան հրապարակում նախագահի թեկնածուի ընտրողների հետ հանդիպման ժամանակ հասարակական կարգը խախտելու եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարականության նկատմամբ դրսեւորելու համար, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով. այն է՝ քարեր է նետել ժողովրդի ուղղությամբ, մոտ 1-2 րոպե տեւողությամբ վիճաբանել է նախագահի թեկնածուի թիկնազորի անդամ Սարգիս Հովհաննիսյանի հետ, նրան հայհոյել է, ձեռքերով եւ ոտքերով հարվածել, որի հետեւանքով Սարգիս Հովհաննիսյանը ստացել է թեթեւ, վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»:

Քննությունը վարում է Արարարտի մարզային քննչական բաժինը: Հիշեցնենք, որ մինչ փետրվարի 16-ը քրեական գործ չէր հարուցվել եւ որեւէ մեկին մեղադրանք չէր առաջադրվել սույն գործով, եւ այդ մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն փետրվարի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ անձամբ հայտարարեց, իսկ մեր հարցին, թե ինչու պատասխանատվություն չի կրում այն անձը, որ հայհոյանքներ էր տեղացել եւ քարեր նետել հասարակության եւ նախագահի թեկնածուի ուղղությամբ, դատախազը պատասխանեց, որ տեսաերիզներն ուսումնասիրվել են եւ չի ապացուցվել, որ քարեր են նետվել եւ հայհոյանքներ հնչեցրել: Այս պահին որպես մեղադրյալ ներգրավված է միայն Արմեն Միրզոյանը, իսկ քննությունը շարունակվում է: