Ամերիկյան մոտեցումներ

Հայաստանում ամերիկյան դեսպանատունը հորդորում է ԱՄՆ-ի քաղաքացիներին հեռու մնալ Երեւանում կազմակերպվող ցույցերից ու հանրահավաքներից:

«Ուզում ենք հիշեցնել ԱՄՆ-ի քաղաքացիներին, որ չնայած ցույցերը խաղաղ են, դրանք կարող են վերածվել առճակատման եւ, հավանաբար, վերաճել բռնության: Այդ պատճառով հորդորում ենք ԱՄՆ-ի քաղաքացիներին խուսափել ցույցերից եւ զգույշ լինել ցույցերի անցկացման վայրերին հարող տարածքներում», - ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Դեսպանատունը կանխատեսում է, որ հետընտրական քաղաքական ցույցերը Երեւանում կարող են շարունակվել առաջիկա օրերին:

Իսկ ահա ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Էդգար Վասկեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է հայաստանյան ընտրություններում ձայների հաշվարկման ժամանակ տեղ գտած խնդիրների մասին հաղորդումներով. «Մենք դեռեւս ուսումնասիրում ենք ընտրությունների անցկացման վերաբերյալ մեր ստացած տարբեր զեկույցները», - ասել է Վասկեսը:

Նշելով, որ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ղեկավարած դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցում ընտրությունները համարվել են հիմնականում միջազգային չափանիշներին համապատասխանող, Պետդեպարտամենտի խոսնակը, միաժամանակ, հավելել է. - «Մեզ մտահոգում են զեկույցի որոշ տարրեր, այդ թվում դիտարկված ընտրատեղամասերի 15 տոկոսում ձայների հաշվարկման բնութագրումը որպես «վատ» կամ «շատ վատ»:

Վասկեսը նաեւ բողոքի ցույցերի խաղաղ բնույթը պահպանելու կոչ է ուղղել Հայաստանի ընդդիմությանը եւ իշխանություններին. - «Մենք հասկանում ենք, որ ընդդիմության բազմամարդ բողոքի ցույցեր են անցկացվում: Մենք ողջունում ենք իշխանություններին եւ ընդդիմությանը այդ հավաքների հանդարտ եւ խաղաղ անցկացումը ապահովելու համար: Կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել խաղաղ իրավիճակը եւ զերծ մնալ ապօրինի կամ բռնի գործողություններից»: