ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վազգեն Մանուկյանի հայտարարությունը (մինչեւ ԿԸՀ վերջնական արդյունքների հրապարակումը)
Փետրվարի 22-ին հայտարարություն է տարածել ԱԺՄ նախագահ, ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրություններում թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Ես շնորհակալություն եմ հայտնում իմ ընտրողներին եւ համախոհներին, որոնց թիվը անհամեմատ ավելի է, քան պաշտոնական ներկայացվող տվյալները: Դա մեր հասարակության այն անկաշառ, սկզբունքային եւ մեզ գաղափարակից հատվածն է, այն հուսալի սերուցքը, որի վրա հնարավոր է կառուցել մեր երկրի ապագան: Դուք ինձ ձայն տալով` ձայն եք տվել իրական, արմատական փոփոխությունների օգտին:
Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա այն հակաժողովրդական համակարգը, որի հիմքը դրվել է 1995 թվականից, հերթական անգամ անցկացրեց ընտրությունները` մեզ արդեն ծանոթ բազմաթիվ խախտումներով (որոնց ծավալը եւ ապացուցելու հնարավորությունը դեռ ուսումնասիրում ենք): Այժմ այդ արատավոր համակարգը ստեղծողները անհաշտ պայքար են հայտարարել այդ համակարգից օգտվողների դեմ, որի մեջ ներքաշվում են բազմաթիվ ազնիվ մարդիկ, ովքեր անկեղծորեն կարծում են, որ դա պայքար է երկրի ապագայի համար:
Իրականում, ըստ իս, կազմակերպիչների համար դա պայքար է ատելության ալիքի վրա ամեն գնով իշխանության հասնելու: Այդ պայքարից օգուտ չի ստանա ո՛չ մեր պետությունը, ո՛չ մեր ժողովուրդը: Կոչ եմ անում ազատության, արդարության ձգտող բոլոր մարդկանց չհուսահատվել ընտրությունների արդյունքից` կրկին անգամ ականատես լինելով կեղծիքներին: Մեր պայքարը դեռ առջեւում է եւ մենք լի ենք վճռականությամբ` վերափոխելու հասարակության գիտակցությունը դեպի իրական ազգային եւ համամարդկային արժեքներ, որի դեպքում է միայն հնարավոր կառուցել նոր Հայաստան` հիմնված ազգային ժողովրդավարական սկզբունքների վրա:
Վազգեն Մանուկյան
