ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քրգործ «Ժառանգության» ներկայացուցչի դեմ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, 2008 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, Երեւան քաղաքի Դավիթաշեն թաղամասում տեղակայված թիվ 5 ընտրատարածքում ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների վերահաշվարկ կատարելու ժամանակ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը՝ Անահիտ Ներսիսյանի հետ միասին, խոչընդոտել են ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքներին, ինքնագլուխ պատռել թիվ 5/21 ընտրական տեղամասի քվեաթերթիկների կնքված պարկը, որտեղից հանել են քվեաթերթիկները եւ չեն ենթարկվել հանձնաժողովի անդամների օրինական պահանջներին, որի հետեւանքով հնարավոր չի եղել ավարտել քվեարկության արդյունքների վերահաշվարկը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, կատարվում է նախաքննություն:
Նույն աղբյուրի տեղեկացմամբ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Լոռու մարզի Արեւածագ գյուղի 32/53 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ, սահմանված կարգի համաձայն, 2008 թվականի փետրվարի 18-ին` ժամը 17-ին, թիվ 32/53 ընտրական տեղամասում սկսվել են ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, որին ներկա է գտնվել նաեւ ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Գեւորգ Դավթյանը: Ժամը 19-ի սահմաններում, ընտրության քվեաթերթիկները հաշվելու եւ ստորագրելու ընթացքում, միջին աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, ընտրական տեղամաս է մտել ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի մյուս վստահված անձը` Արեւածագ գյուղի բնակիչ Էդմոն Գեւորգյանը եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը, հիշեցնելով ՀՀ ընտրական օրենսգրքի 27 1 –րդ հոդվածի 3-րդ մասը պահանջը, ըստ որի` ընտրական տեղամասում յուրաքանչյուր թեկնածու կարող է ունենալ 1 վստահված անձ, խնդրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, որ նրանցից մեկը հեռանա: ՏԸՀ նախագահի օրինական պահանջից հետո Գեւորգ Դավթյանը հեռացել է տեղամասից, որից հետո Էդմոն Գեւորգյանը, բողոքելով հանձնաժողովի նախագահի օրինական գործողությունների դեմ, վիճաբանել եւ շուրջ 1 ժամ խոչընդոտել է տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Էդմոն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով: Էդ.Գեւորգյանն ընդունել է ներկայացված մեղադրանքը եւ տվել խոստովանական ցուցմունքներ: Քրեական գործը ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
