ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը

«Երեկ, ժամը 18:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` հապճեպ հրավիրելով ԿԸՀ-ի արտահերթ նիստ, հաստատեց նախագահական ընտրությունների արդյունքները` նույն այդ նիստի մասին տեղյակ պահելով դրանից ընդամենը 30 րոպե առաջ, այն դեպքում, երբ օրենքով նախատեսված էր 2 ժամ, նույնիսկ առանց ծանուցելու նիստի օրակարգի մասին:

ԿԸՀ նիստը գումարվեց ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերջնաժամկետը լրանալուց անմիջապես հետո, ըստ էության հնարավորություն չտալով թեկնածուներին նույնիսկ ծանոթանալ ընտրությունների բողոքարկման արդյունքների հետ և համեմատել ընտրական փաստաթղթերը` իրական պատկերը վեր հանելու համար:

Անընդունելի համարելով նման պարտադրողական գործելաոճը` մենք հայտարարում ենք, որ դրանով իսկ բողոքարկված բազմաթիվ տեղամասերում խեղաթյուրվում են ընտրությունների արդյունքները, հաշվի չառնելով մեր բողոքները: Այս գործընթացին զուգահեռ երկրում տեղի ունեցան քաղաքական գործիչների ձերբակալություններ, ինչը միարժեք դատապարտելի է: Սրան զուգահեռ շարունակվեց Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից 65 տոկոս ձայներով Ազատության հրապարակում իրեն նախագահ հռչակելու գործընթացը, ինչը նույնպես անընդունելի է:
Հայտարարում ենք, որ իշխանության կողմից բիրտ և ուժային մեթոդների կիրառումը մեծացնելու է հասարակական անվստահությունը, խորացնելու է զանգվածային հասարակական առճակատումների իրական հնարավորությունը, լուրջ ստվեր է գցելու երկրի միջազգային հեղինակության վրա, կասկածի տակ է առնելու նախագահական ընտրությունների ողջ գործընթացը, այդպես էլ չհանգուցալուծելով ստեղծված իրավիճակը:

Ավելին, նման գործելաոճի կիրառումը առաջիկայում առաջացնելու է բողոքի նորանոր զանգվածային դրսևորումներ, այդպես էլ չնպաստելով հիմնախնդրի լուծմանը: Հավատարիմ մնալով այն շուրջ 300.000 մարդկանց ձայներին, ովքեր քվեարկեցին Արթուր Բաղդասարյանի օգտին, գիտակցելով նաև Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած հարյուր-հազարավոր քաղաքացիների առջև մեր պատասխանատվությունը, հայտարարում ենք որ անընդունելի և վտանգավոր ենք համարում ուժային միջամտության ցանկացած փորձ և հանդես ենք գալիս ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակը բացառապես քաղաքական մեթոդներով հանգուցալուծելու դիրքերից:

Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը այսօր, մինչև երեկո կավարտի ընտրությունների արդյունքների հետ կապված իր փաստաթղթավորված ուսումնասիրությունները և վաղը` ժամը 14:00-ին, տեղի կունենա Արթուր Բաղդասարյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում նա կտա իր հստակ քաղաքական և իրավական գնահատականները նախագահական ընտրությունների առնչությամբ, կտեղեկացնի ձեռնարկվելիք հետագա քայլերի մասին»: