ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայ կամավորականների համախմբման համակարգող խորհրդի հայտարարությունը
Փետրվարի 25-ին հայտարարություն է տարածել Հայ կամավորականների համախմբում հասարակական նախաձեռնության համակարգող խորհուրդը.
«Հայ ժողովուրդը ակտիվորեն մասնակցելով երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող նախագահական ընտրություններին, ի վերջո կարողացավ արտահայտել իր հավաքական կամքը և մերժեց ապօրինի իշխանության վերարտադրումը: Սակայն հոգեվարքի մեջ գտնվող հանցագործ ռեժիմը, կեղծելով ընտրությունները, այժմ էլ փորձում է ստոր ու նենգ հնարավոր բոլոր միջոցներով կանխել չարիքի բուրգի վերջնական քանդվելը: Նրանք ցույց են տալիս, թե իբր տիրապետում են իրավիճակին: Բռնությունների, սպառնալիքի, շանտաժի միջոցով փորձում են ստորագրություններ կորզելով ետ պահել իրենց շարքերը լքող և համաժողովրդական շարժմանը միացող որոշ պաշտոնյաների ու պատգամավորների: Եվ եթե դա առայժմ իրենց մոտ ինչ-որ չափով ստացվում է, ապա դա չպետք է մեզ մտահոգի:
Իհարկե, իշխանական բուրգում գտնվող այն հայ մարդիկ, ովքեր քաջություն կունենան լքել հակահայ, անբարո վարչախումբը, մենք նրանց կողջունենք, բայց մեր ժողովուրդը մեկընդմիշտ պետք է հասկանա, որ անխուսափելի հաղթանակը բոլորովին կախված չէ ոչ հակառակորդի ճամբարը լքողներից և ոչ էլ նույն ճամբարը ետ վերադարձողներից:
Սիրելի ժողովուրդ, այսօր բոլորս ուզում ենք օր առաջ չարիքի բուրգը տեսնել խորտակված: Բայց այդ բուրգի վերջնական խորտակումը եթե նույնիսկ ոչ օրեր, այլ շաբաթներ տևի, դա չպետք է մեզ մազաչափ անգամ մտահոգի կամ հուսահատեցնի, որովհետև մեր հաղթանակը անկասելի է:
Մեր հույսը ոչ օտար երկրների, ոչ այնտեղից եկած դիտորդների և ոչ էլ նրանց դիվանագիտական ներկայացուցիչների վրա է: Մեր հույսը Աստծո վրա է, մեր հույսը անզիջում պայքարի ելած խիզախ ու ազատատենչ հայ ժողովրդի վրա է, մեր հույսը համաժողովրդական առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա է, որին պետք է անվերապահ հավատալ, վստահել և կատարել նրա բոլոր առաջադրանքները:
Հաղթանակը շատ մոտ է: Պայքար, պայքար, մինչև վերջ:
«Հայ Կամավորականների Համախմբման»
համակարգող խորհուրդ
Ժիրայր Սէֆիլյան
Վարդան Ա. Մալխասյան
Արմեն Եղյան
Սամվել Հարությունյան
Սարգիս Բաղումյան
Վարդան Քանքարյան
Ռոբերտ Հայրումյան
Վարդան Ե. Մալխասյան
Պետրոս Զուռնաչյան
