Երկուսին ազատեցին, երկուսին՝ ձերբակալեցին

Երեկ երեկոյան ոստիկանությունում մոտ 20 ժամ պահվելուց հետո ազատ են արձակվել Հայրենիք եւ պատիվ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն ու Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը։ Սամվել Հարությունյանը միացել է Ազատության հրապարակում հավաքվածներին, ելույթ ունեցել:

Իսկ ահա Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, փետրվարի 23-ին ձերբակալված Գագիկ Ջհանգիրյանին ոչ միայն չեն ազատել, այլ արդեն մեղադրանք են առաջադրել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով` «Ապօրինի զենք եւ զինամթերք պահելը, փոխադրելը, կրելը», եւ 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:

Գագիկ Ջհանգիրյանը այսօր առավոտյան տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության տարածած տեղեկությունների համաձայն, Գագիկ Ջհանգիրյանի հետ ձերբակալված նրա եղբորը` Վարդան Ջհանգիրյանին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի երկրորդ մասով` «Իշխանության ներկայացուցչին` օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն կատարելու սպառնալիքով»:

Իսկ երեկոյան Տավուշի մարզի Կոթի գյուղում ձերբակալվել է 1992-96 թվականներին Հայաստանի ներքին գործերի նախարար, 1996-ից մինչեւ 1998 թվականի իշխանափոխությունը Երեւանի քաղաքապետ, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանի ավագ եղբայրը` Սերյոժա Սիրադեղյանը:

Սերյոժա Սիրադեղյանի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել է ՏՕԶ տեսակի հրացան` առանց փամփուշտի, ինչը եւ հիմք է հանդիսացել ձերբակալման: «Ընդհանուր առմամբ, ձերբակալման հիմնավորումը այն է, որ մնալով ազատության մեջ` կարող է թաքնվել վարույթը իրականացնող մարմնից եւ խոչընդոտել մինչդատական վարույթում քրեական գործի քննությունը», -հայտարարել է փաստաբան Տիգրան Տեր–Եսայանը:

Տիգրան Տեր-Եսայանի վկայությամբ, ապօրինի զենք եւ զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել է նաեւ Նոյեմբերյանի բնակիչ Յուրա Մամյանը:

Երեքշաբթի օրը խուզարկություն էր իրականացվել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից` Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի տանը: Խուզարկությունից հետո նրան բերման էին ենթարկել, ապա որոշ ժամանակ անց ազատ արձակել:

Նույն օրը խուզարկություն է իրականացվել նաեւ Երկրապահ կամավորականների միության Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Հարությունյանի տանը: Նրա կնոջ վկայությամբ, Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցներն այցելել են այն ժամանակ, երբ Հարությունյանը տանը չի եղել: Խուզարկությամբ հայտնաբերել եւ առգրավել են ՏՏ տեսակի ատրճանակ, որը նվիրել էր նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Սայգա տեսակի երկու հրացան, փամփուշտներ, Հարությունյանի` ծննդյան օրը նվեր ստացած դաշույնները: