Երկու գործ արդեն դատարանում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձ Սուրեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացվող ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում Մարալիկ քաղաքում տեղակայված 36/34 ընտրատեղամասում օրենքով սահմանված կարգով Սուրեն Ավետիսյանը գրանցվել է որպես ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձ:

Քվեարկության օրը՝ 2008 թվականի փետրվարի 19-ին, վստահված անձի իրավունքներն ու պարտականություններն իրականացնելու նպատակով ժամը 15:30-ի սահմաններում Ս.Ավետիսյանը գնացել է Մարալիկ քաղաքի 36/34 ընտրական տեղամաս, որի մոտ հավաքված են եղել մի խումբ անձինք: Տեղեկանալով, որ Ս.Ավետիսյանը ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձն է՝ Հ.Ուռուտյանը, առանձնանալով տեղամասի մոտ հավաքված անձանցից, թույլ չի տվել նրան մտնել ընտրատեղամաս, վիճաբանել, դիտավորությամբ բռունցքներով եւ գլխով հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ եւ խոչընդոտելով վստահված անձի լիազորությունների իրականացմանը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հ.Ուռուտյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործը 26.02.08թ. ուղարկվել է Հյուսիսային քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար:

Նույն աղբյուրի համաձայն, հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 9/31 տեղամասում քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների ժամանակ Երևանի թիվ 9/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ էդուարդ Աղաջանյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է դիրքը՝ ՀՀ Նախագահի 2008թ. փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություններում մտցրել է թեկնածուներին տրված ձայների քանակի վերաբերյալ ակնհայտ սխալ, աղավաղված տվյալներ՝ այն հաստատելով իր եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների ու վստահված անձանց ստորագրություններով՝ այդ եղանակով դիտավորությամբ կեղծելով քվեարկության արդյունքները:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Էդ.Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով:

Քրեական գործը 26.02.08թ. ուղարկվել է Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: