Տեղեկատվությունը չի հաստատվել

«Ազատություն» ռադիոկայանը 2008 թվականի փետրվարի 19-ին, հղում կատարելով Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհի Եփրաքսյա Բարսեղյանին, տեղեկատվություն էր տարածել, որ Կարեն Կարապետյանը, Վարդան եւ Ստյոպա Ստեփանյանները քվեարկության ժամանակ ընտրողների ձեռքից վերցրել են քվեաթերթիկները եւ քվեարկել նրանց փոխարեն:

«Ազատություն» ռ/կ-ի նշված տեղեկատվության մասին 2008 թ. փետրվարի 19-ին ժամը 16:25– ին Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ դատախազությունը, ստուգմամբ պարզվել է, որ Շահումյան գյուղում Եփրաքսյա Բարսեղյան անուն-ազգանունով բնակվել է մեկ անձ՝ Եփրաքսյա Մանվելի Բարսեղյանը, ով դեռեւս 2006թ. վաճառել է բնակարանն ու հողամասը, դուրս գրվել գյուղի հաշվառումից եւ մեկնել ՌԴ Կեմերովո քաղաք:

Պարզվել է, որ Վարդան Ստեփանյանը հանդիսանում է Շահումյան գյուղի 17/31 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, իսկ Ստեփան (նույն ինքը Ստյոպա) Ստեփանյանը որպես Հանրապետության նախագահի թեկնածու՝ Տ.Կարապետյանի վստահված անձ ներկա է գտնվել ընտրություններին նույն տեղամասում: Կարեն Կարապետյան անուն-ազգանունով անձ ընտրատեղամասում չի եղել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են տվել թիվ 17/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վարդան Ստեփանյանը, հանձնաժողովի քարտուղար Շուշանիկ Գրիգորյանը, հանձնաժողովի անդամներ, նշված տեղամասում գրանցված դիտորդներ, ՀՀ Նախագահի թեկնածուների վստահված անձինք: Նրանք հերքել են նշված տեղամասում քվեաթերթիկների լցոնման մասին տեղեկությունը եւ հայտնել, որ ընտրատեղամասում ոչ մի ընտրախախտում չի արձանագրվել եւ դիտորդների, վստահված անձանց կողմից ընտրախախտումների վերաբերյալ որեւէ արձանագրություն չի կազմվել:

Նախապատրաստված նյութերով ոստիկանության Արտաշատի բաժնում քրեական գործի հարուցումը մերժվել է ՝ հանցադեպի բացակայության պատճառով: