ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Առաքելական եկեցու առաջնորդների ուղերձը
Փետրվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի Է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդների և եպիսկոպոսների ժողով: Մտահոգություն հայտնելով Հայաստանում հետընտրական զարգացումների հետևանքով ստեղծված ներքաղաքական իրավիճակի առիթով Հայ Եկեղեցու առաջնորդներն ուղերձով դիմեցին ժողովրդին, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ուղերձում ասվում է.
ՙՍիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Խորապես մտահոգ և անհանգստացած ենք նախագահական ընտրություններից հետո մեր երկրի ներքաղաքական լարված իրավիճակով:
Հուզումների ալիքները անհանդուրժողության և մեր ժողովրդի զավակների միջև առճակատման սերմեր են պարունակում իրենց մեջ: Ստեղծված իրավիճակը հղի է երկրի ներքին խաղաղությանն ու կայունությանը, մեր պետության վարկին սպառնացող վտանգներով:
Անկախության ճանապարհին մեր ժողովուրդը բազմաթիվ դժվարություններ ու խոչընդոտներ է հաղթահարել` հույսով ու հավատով ավելի զորացող տեսնելու իր երկիրը և ոչ` բաժանումներից, բախումներից ու ցնցումներից տարուբերվող ու անհաստատ: Պառակտյալ ժողովուրդը դատապարտված է ձախողման իր իղձերի իրականացման մեջ, առաջընթաց ու զարգացած երկիր և հզոր պետականություն հաստատելու իր ձգտումների մեջ, ինչպես մեր Տերը` Քրիստոսն է ասում. ՙԻնքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է՚ (Մատթ. ԺԲ .25):
Սիրելի հավատավոր հայորդիք, Մեր հորդորն է ձեզ պահպանել ողջամտության ու խոհեմության ոգին, լինել զգոն, օրինապահ, անարձագանք թողնել ատելություն և թշնամանք հրահրող ամեն ձայն, յուրաքանչյուր քայլ կատարել մեր երկրի հեղինակության, մեր ներկայի և ապագայի հանդեպ լուրջ մտահոգությամբ:
Կոչ ենք բերում ընդդիմության ներկայացուցիչներին, ովքեր չեն ընդունում ընտրությունների արդյունքները, գործել օրենքի շրջանակներում, որպեսզի անխաթար մնա մեր երկրի կայունությունը, չվտանգվեն մեր ժողովրդի ձեռքբերումները և կյանքի անդորրը: Հանրահավաքներն ու երթերը բարվոք ճանապարհը չեն վիճարկելու կայացած ընտրությունների վերջնական արդյունքները:
Հայրենի իշխանությանը կոչ ենք անում առավելագույն ջանքեր բերել խաղաղ գործընթացներով լուծման առաջնորդելու հուզող հարցերն ու մարտահրավերները:
Աղոթում ենք առ Ամենակարողն Աստված, որ Իր բարի հայացքի ներքո անխռով պահի մեր երկիրը, անսասան` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և խաղաղության մեջ` աշխարհասփյուռ մեր ժողովրդին:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն՚:
