Երկու տարի ազատազրկում ընտրակեղծարարին

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել քվեարկության արդյունքները կեղծելու համար թիվ 9/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին ներկայացված մեղադրանքը:

Հատուկ քննչական ծառայության անցկացրած նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների ժամանակ Երևանի թիվ 9/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ էդուարդ Աղաջանյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է դիրքը՝ ՀՀ Նախագահի 2008թ. փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություններում մտցրել է թեկնածուներին տրված ձայների քանակի վերաբերյալ ակնհայտ սխալ, աղավաղված տվյալներ՝ այն հաստատելով իր եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների ու վստահված անձանց ստորագրություններով՝ այդ եղանակով դիտավորությամբ կեղծելով քվեարկության արդյունքները:

Էդ.Աղաջանյանն ընդունել է ներկայացված մեղադրանքը եւ խնդրել կիրառել արագացված դատաքննություն, որի դեմ մեղադրող կողմը չի առարկել: Դատարանի 29.02.08թ. դատավճռով Էդ.Աղաջանյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով եւ 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել 2 տարվա ազատազրկման:

Իսկ թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2008 թվականի փետրվարի 19-ին թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար Պետրոս Մակեյանին եւ Շոթա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելը՝ զուգորդված բռնության գործադրմամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով), իսկ Աշոտ Զաքարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով ( ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելը՝ զուգորդված բռնության գործադրմամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, մի խումբ անձանց կողմից): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց, դատարանի որոշմամբ, կիրառվել է կալանքը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 19.02.08թ.՝ ժամը 14:30-ի սահմաններում, Գյումրիի թիվ 34/06 ընտրատեղամաս են մտել Գյումրի քաղաքի բնակիչներ, ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Գյումրիի նախընտրական շտաբի պետ Մուրադ Գրիգորյանը եւ Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանը: Վերջիններս տեղամասում աղմկել են ընտրողների անձնագրերում դրոշմակնքման հարցի շուրջ, ընտրողների ներկայությամբ վիճաբանել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների հետ, շուրջ 10 րոպե խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը եւ սպառնացել: Դեպքից 1-2 րոպե անց նույն ընտրատեղամաս է մուտք գործել Շոթա Սաղաթելյանը եւ, ներկայանալով որպես ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, նույն հարցի շուրջ վիճաբանել հանձնաժողովի անդամների հետ ու խոչընդոտել նրանց աշխատանքների կատարմանը: Վերջինիս հեռանալուց հետո քիչ անց 34/06 տեղամաս է մուտք գործել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւ կրկին նույն հարցի շուրջ վիճաբանել հանձնաժողովի նախագահի հետ եւ շուրջ 10 րոպե խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքների կատարմանը:

Միջոցներ են ձեռնարկվում Մուրադ Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ: