Պաշտոնական եւ հակասական տեղեկատվություն

«Մենք պատրաստ ենք բաց եւ ուղիղ երկխոսության բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են զարգացում, կայունություն եւ Հայաստանի հզորացում», հայտարարել է Սերժ Սարգսյանը Հարավային Կովկասում Եմ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ։ Սերժ Սարգսյանը ասել է նաեւ, որ քրեական հանցագործություններ կատարած անձինք պետա է պատասխանատվություն կրեն։

Սերժ Սարգսյանը հատուկ կրկնել է, որ իշխանությունները պատրաստ են համագործակցության եւ հավելել, որ արդեն բանակցություններ կան ընդդիմության ներկայացուցիչների հետ, արդեն դրական արձագանքներ կան եւ առաջիկա օրերին կերեւան նաեւ արդյունքները։ Այս տեղեկությունը տարածել է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Իսկ ահա ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը մեկնաբանելով Լեւոն Տեր–Պետրոսյանի հետ հնարավոր երկխոսության հավանականությունը ասել է, թե ինքը բացառում է որեւէ երկխոսություն ընդդիմության հետ։ Ըստ նրա, առավել խաղաղ ժամանակ ընդդիմության հետ երկխոսություն սկսելու իշխանությունների փորձերը մերժվել են։

Ի դեպ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի Էրեբունի բժշկական կենտրոն` տեսակցել մարտի 1-ին չարտոնված հանրահավաքի արդյունքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից տուժած քաղաքացիներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով եւ մաղթել շուտափույթ ապաքինում: