Ճնշումները, հետագա ձերբակալությունները ճիշտ գործելաոճ չեն

Միայն երկխոսությունն ու հետագա կտրուկ քայլերի բացառումը հնարավոր կդարձնի հայաստանյան քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը: Նման կարծիք է հայտնել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Քուրթ Վոլքերը:

«Մենք աշխատում ենք կողմերին համոզել, որպեսզի երկխոսության սկիզբ դրվի: Խոսքը թե կառավարության մասին է, որը շատ կոշտ մեթոդների է դիմել` սահմանափակելով լրատվամիջոցների ազատությունը, արտակարգ դրություն հայտարարելով, ձերբակալություններ իրականացնելով: Դիմում ենք նաեւ ընդդիմությանը, որն այդ մարդաշատ ցույցերի կազմակերպիչն էր: Մենք աշխատում ենք երկու կողմի հետ էլ` փորձելով քաղաքական երկխոսություն նախաձեռնել, կազմակերպել մի «կլոր սեղան», որի շուրջ կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչները կքննարկեն ստեղծված իրադրությունը` փորձելով հանգուցալուծել այն հակամարտությունն ու լարվածությունը, որն այսօր առկա է», - ասել է Վոլքերը:

Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան նաեւ հատուկ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանությունների որդեգրած մարտավարությունը:

«Մենք չենք կարծում, որ հետագա ճնշումները, հետագա ձերբակալությունները ճիշտ գործելաոճ են: Անհրաժեշտ է վերացնել արտակարգ դրությունը, ապահովել մամուլի եւ հավաքների ազատությունը, ապահովել քաղաքական կուսակցությունների գործունեությունը, որպեսզի Հայաստանը կարողանա դուրս գալ քաղաքական այս ճգնաժամից», - հայտարարել է Քուրթ Վոլքերը:

Իսկ ահա «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան խստորեն դատապարտել է ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործադրած բռնությունները:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան դա որակել է որպես «ցավալի» եւ ասել, թե ակնհայտ է, որ կառավարական ուժերի արձագանքը «կոպիտ եւ վայրագ էր»:

Մեթյու Բրայզան նաեւ մտահոգություն է հայտնել անկախ մամուլի նկատմամբ գործադրվող սահմանափակումների վերաբերյալ: Նա հորդորել է վերացնել արտակարգ դրությունը եւ իշխանություններին կոչ է արել վերջ տալ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ առնչություն ունեցող ընդդիմության ակտիվիստների ձերբակալություններին:

«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ Բրայզան Երեւանում հանդիպել է Տեր-Պետրոսյանին, ընտրություններում հաղթող ճանաչված վարչապետ Սերժ Սարգսյանին եւ հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Հայաստանի իշխանությունները 20 օրով արտակարգ դրություն հայտարարեցին մարտի 1-ին, երբ բախումներ սկսվեցին ոստիկանների եւ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված համարող ընդդիմադիր ցուցարարների միջեւ: Պաշտոնական տվյալներով, այդ բախումների հետեւանքով զոհվել է 8 մարդ, կան մի քանի տասնյակ վիրավորներ:

«Ասոշիեյթեդ փրես»-ը հայտնում է նաեւ, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է ընդդիմության ներկայացրած բողոքարկումները եւ անփոփոխ է թողել նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին հաղթող ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: