ՀՀ գլխավոր դատախազության տվյալները

Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած անձանց թիվը չի ավելացել. զոհվել է 8 անձ, որոնցից 1-ը՝ ոստիկանության աշխատակից: Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու եւ նրանց դիմադրություն ցույց տալու հետեւանքով առաջացած ընդհարման ժամանակ զոհեր չեն արձանագրվել, եւ հակառակի մասին շրջանառվող պնդումներն իրականությանը չեն համապատասխանում, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ըստ նույն աղբյուրի, ընդհանուր առմամբ՝ մարտի 1-ին եւ 2-ին մարմնական վնասվածք է ստացել 180 ոստիկան եւ 48 քաղաքացի: Իշխանությունը բռնի յուրացնելու, սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ մայրաքաղաքում կազմակերպված եւ անցկացված զանգվածային միջոցառումների ժամանակ կազմակերպիչների կողմից կանխամտածված ցուցարարներին, հավաքված ժողովրդին տրամադրվել է ակնհայտ կեղծ, մտացածին տեղեկատվություն այդ թվում իշխանությունների, իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ՝ նպատակ ունենալով բնակչության մոտ սերմանել ատելություն, թշնամություն իշխանությունների, իրավապահ մարմինների նկատմամբ՝ այդպիսով դրդելով նրանց անհնազանդության, զանգվածային անկարգությունների՝ վտանգելով երկրի սահմանադրական կարգը:

Անհնազանդություն եւ բռնություններ հրահրող ակնհայտ կեղծ տեղեկատվությունների տարածումը շարունակվում է նաեւ այսօր: Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ այս օրերին բնակչության շրջանում տարածվում են sms հաղորդագրություններ՝ ենթադրյալ 58 զոհերի մասին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են նման ապատեղեկատվություն տարածող անձինք: Նրանց թվում Երեւանի բնակիչ Դավիթ Այվազյանը, ով վկայի կարգավիճակում հարցաքննվելիս խոստովանել է, որ տարածել է կեղծ տեղեկատվություն եւ զղջացել կատարած սխալ քայլի համար: Պաշտոնապես եւս մեկ անգամ փաստում ենք, որ զանգվածային անկարգությունների ժամանակ մահացել է 8 անձ, որոնց անունները դատախազությունը հրապարակել է մարտի 2-ին:

Կեղծ, արհեստածին սադրիչ ասեկոսների տարածումը հասարակության շրջանում իշխանությունը բռնի յուրացնելու, սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների կազմակերպիչների հիմնական զենքերից է, որի նպատական է թուլացնել պետության հիմքերը եւ խնդրում ենք բնակչությանը լինել զգոն եւ չենթարկվել նման սադրիչ հայտարարություններին, հայտարարում է ՀՀ գլխավոր դատախազությունը: