«Ժառանգությունը» դիմել է ՀՀ վարչական դատարան

Հայաստանի Հանրապետության նախագահի` «Արտակարգ դրություն հայտարարելու մասին»
2008թ. մարտի 1-ի հրամանագիրն անվավեր ճանաչելու հայցադիմումով այսօր ՀՀ վարչական
դատարան է  դիմել
«Ժառանգություն» կուսակցությունը`
համարելով, որ ի թիվս այլ
սահմանափակումների, ժողովրդավարական հանրակարգերի գործունեության կասեցումը,
մասնավորապես զանգվածային լրատվամիջոցների թեմատիկ շրջանակների նեղացումը հակասում
են Հայաստանի օրենսդրության, ինչպեսեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի
պահանջներին: Այդ ամենի արդյունքում էապես սառեցվել է անկախ եւ ընդդիմադիր թերթերի
ու կայքերի աշխատանքը, ինչը քաղաքացիների` անաչառ, համապարփակ տեղեկատվություն
ստանալու իրավունքի կոպիտ խախտում է:



Ինչպես տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը, դատարանին ուղղված
դիմումում «Ժառանգությունը» խնդրում է անվավեր ճանաչել վերոնշյալ հրամանագիրը, որը,
կուսակցության հիմնավորմամբ, օրենքից դուրս է եւ անհամաչափ ստեղծված իրավիճակին:
Հայցվոր կողմը դատարանին միջնորդում է կիրառել հայցի ապահովման միջոց` արգելել ՀՀ
նախագահի կողմից սահմանադրական իրավունքների նոր սահմանափակումներ եւ շտապ նշանակել
արագացված դատաքննություն:



«Ժառանգություն» կուսակցությունը ակնկալում է, որ Վարչական դատարանն արդար վճիռ
կկայացնի ՀՀ նախագահի հրամանագրով սահմանված արգելանքները հանելու, արտակարգ
դրության պայմանակարգով ստեղծված անհարմարությունները վերացնելու, քաղաքացիների
սահմանադրական իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամբողջապես վերահաստատելու
համար: