Լեւոն Տեր–Պետրոսյանի գրասենյակի հայտարարությունը

Այսօր հայտարարություն է տարածել Լեւոն Տեր–Պետրոսյանի գրասենյակը։ Հայտարարության մեջ ասվում է.

Վերջին օրերի ընթացքում իրավապահ մարմինները ավելի են մեծացրել իրենց ապօրինի գործողությունների շրջանակը եւ ծավալները Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նկատմամբ: Առանց օրենքով նախատեսված հատուկ գրավոր ծանուցման, դատախազության, ԱԱԾ եւ ոստիկանության բաժանմունքներ, են «հրավիրում» կամ բռնությամբ բերման են ենթարկում տասնյակ քաղաքացիների, նրանց ենթարկելով հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների: Նման տեղեկությունների ունենք մասնավորապես Երեւանի Էրեբունու, Կենտրոնի, Շահումյանի Շենգավիթի, ինչպես նաեւ Մասիսի, Հրազդանի, Եղվարդի, Ապարանի, Կապանի, Նոր-Հաճնի համապատասխան բաժինների մասին: Քաղաքացիների հետ «զրույցներն» ըստ էության վերածվում են հարցաքննությունների, որի ընթացքում ոչ միայն փորձում են պարզել տվյալ քաղաքացու մասնակցությունը ընտրություններին եւ հետագա հանրահավաքներին, այլ նաեւ կեղծ ցուցմունքներ կորզել հանրահավաքների կազմակերպիչների դեմ: Ապա նրանց ստիպում ինչ-որ ապօրինի պարտավորագրեր ստորագրել այն մասին, որ իրենք այլեւս չեն մասնակցի որեւէ հանրահավաքի եւ քաղաքական միջոցառման:

Հայտնում ենք մեր համախոհներին, որ իրավապահ մարմիններ պետք է ներկայանալ միայն գրավոր ծանուցման դեպքում, որտեղ նշված կլինի, թե ինչ կարգավիճակով է եւ ինչի համար է հրավիրվում քաղաքացին: Ինչ վերաբերում է նրանց ստորագրել տված պարտավորագրերին, ապա դրանք ապօրինի են եւ ոչ մի իրավական ուժ չունեն: Իրավապահ մարմինների այսօրինակ բոլոր գործողությունների մասին խնդրում ենք տեղեկացնել 091-177-114 թեժ գծով: Բոլոր օրինախախատ իրավապահները մի օր պատասխան են տալու օրենքի առջեւ: