«Ժառանգությունը» նամակ է հղել գլխավոր դատախազին

Ազգային ժողովի 2008թ. մարտի 4-ի արտահերթ նիստում, ապա մարտի 7-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար տված մամուլի ասուլիսում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի արած հայտարարության, ինչպես նաեւ մարտի 10-ին Հատուկ քննչական ծառայությունում վկայություն տալու նպատակով հրավիրված ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի հարցաքննության, այդ թեմայով քննչական խմբի ներկայացուցիչների` մարտի 12-ի ասուլիսում հնչեցրած եւ նույն օրը ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած ապատեղեկատվության կապակցությամբ մարտի 18-ին «Ժառանգություն» խմբակցությունը նամակ է հղել Գլխավոր դատախազին` նրան առաջադրելով 7 հարց: Տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունը։

Նամակին կցվել է DVD սկավառակ` մարտի 1-ին Երեւանի քաղաքապետարանին եւ ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում մարդկային հոծ բազմության մեջ ոստիկական մեքենայի մխրճվելը պատկերող 3 տարբեր տեսաերիզներ` ներառյալ տուժած ՀՀ քաղաքացուն շտապօգնության մեքենայով տեղափոխելը պատկերող չմոնտաժված դրվագը եւ ականատեսի տեսագրված վկայությունը: