Բաց նամակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին

Մի խումբ մշակույթի գործիչներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին։ Ներկայացնում ենք նամակը ամբոջությամբ

«Հարգելի պարոն Սարգսյան

Փետրվարի 19 ընտրությունները հերթական անգամ ստեղծեցին մեր երկրում բռնության, անհանդուրժողականության, անվստահության մթնոլորտ, խորացնելով ժողովրդի եւ իշխանության միջեւ առաջացած ճեղքը, բեւեռացնելով եւ բաժանելով հասարակությունը:

Մենք չենք մոռացել, որ այս չարիքը սկվեց դեռեւս 1996 թվականի սեպտեմբերից, երբ կեղծիքով եւ ուժով իր պաշտոնն եր փորձում պահպանել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մենք չենք մոռացել նաեւ հետագա խորհրդարանական եւ նախագահական բոլոր ընտրությունները զուգորդող անօրինականության ու բռնության դրսեվորումները: Սակայն վերջին իրադարձությունները գերազանցել են այդ դառը փորձի բոլոր նախադեպերը: Առաջին անգամ մայրաքաղաքի փողոցներում Հայոց պետությունը թափեց սեփական քաղաքացիների արյունը: Արցախյան շարժման քսանամյակի օրերին կատարվեց Երեւանի «սումգաիտացումը»։

Մենք դատավոր չենք, որ մատնանշենք մեղավորներին, սակայն մշակույթի գործիչները միշտ պարտավոր են պաշտպանել զոհերին, աջակցել թույլերին, նեցուկ լինել վիրավորներին: Խաղաղ ցույցերի բռնի ճնշումը եւ մահակներով վտարումը հրապարակից դեպի քաղաքի փողոցներ անխուսափելիորեն բերելու եր բախումների եւ նման որոշումը կամ գիտակցված սադրանք եր կամ առնվազն կոպիտ ու անթույլատրելի սխալ իշխանության կողմից: Զինված ուժերի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ սեփական երկրում անդառնալի հետեւանքներ է ունենալու մեր փոքր երկրի ու ժողովրդի համար:

Պարոն վարչապետ, Դուք, որպես ԿԸՀ կողմից հաստատված նորընտիր Նախագահ դեռեւս կարող եք կանգնեցնել հասունացող քաղաքական եւ սոցիալական ճգնաժամը: Մենք առաջարկում ենք անհապաղ միջոցների չորս կետ, որ մեր համոզմամբ կարող են շտկել իրավիճակն ու մեղմել կրքերը: Դրանք են.

Ա. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Կոալիցիոն կառավարության հնչեցրած գաղափարը չի կարող լուծել խնդիրը, քանի դեռ հասարակության մի ստվար զանգվածը դուրս է մղված Ազգային ժողովից դեպի Թատերական հրապարակ ԱԺ նախորդ կեղծված ընտրությունների հետեւանքով: Միայն Ձեր քաղաքական կամքը կարող է ապահովել Ազգային Ժողովի նոր եւ իսկապես մաքուր ընտրությունները:

Բ. Նորընտիր խորհրդարանում անկախ հանձնաժողովի ստեղծում 2008թ. մարտի 1,1999 թ. հոկտեմբերի 27 դեպքերի,1990-ական թթ. քաղաքական սպանությունների եւ տնտեսական խոշոր հանցագործությունների հետաքննության լայն լիազորություններով:

Գ. Քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատում:

Դ. Հանրային հեռուստատեսության խորհրդի փոփոխություն եւ համալրում հասարակական հեղինակություն ու հարգանք վայելող եւ բազմակարծությունն ապահովող մարդկանցով, ովքեր կերաշխավորեն ազատ ու ճշմարիտ տեղեկատվության սահմանադրական իրավունքը:

Հարգանքով`

Տիգրան Խզմալյան,կինոռեժիսոր

Ռուբեն Հախվերդյան, երգահան

Արամ Թալալյան, թավջութակահար

Վահագն Ստամբոլցյան, երգեհոնահար

Գագիկ Գինոսյան,ազգագրագետ,ազատամարտիկ