ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օմբուդսմենի ներկայացուցիչների հանդիպումները շարունակվում են
Ինչպես տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, մարտի 26-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբն այցելել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ` կալանավորված անձանց հետ հանդիպելու և առանձնազրույց ունենանալու նպատակով: Այցի ընթացքում աշխատանքային խումբը հանդիպել է 12 կալանավորված անձանց:
Առանձնազրույցների ընթացքում կալանավորված անձանց մի մասը հայտնել է, որ համաձայն չէ իրենց նկատմամբ առաջադրած մեղադրանքների հետ: Վերջիններս պնդել են, որ մեղադրանքներն առաջադրվել են իրենց քաղաքական հայացքների համար: Կալանավորված անձանց մեծ մասն օգտվում է տեսակցության և զանգահարելու իրավունքից, իսկ մի քանիսի այդ իրավունքները ժամանակավորապես սահմանափակված են քննիչի որոշմամբ արգելանք դրվելու պատճառով:
12 կալանավորված անձանցից 10-ը ունեն փաստաբան, մեկը հայտնել է, որ մարտի 25- ին է կալանավորվել, և դեռևս փաստաբան չունի: Կալանավորված անձանցից մեկը հայտնել է, որ տեղեկացված չի եղել հանրային պաշտպան ունենալու իրավունքի մասին:
Կալանավորված անձանցից ոչ ոք իր նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացրել:
