Վերջին խոսքը` ԱԺ խմբակցություններին

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խմբի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հետընտրական իրադարձությունների վերաբերյալ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Ջոն Պրեսկոտի արձագանքը ճշգրիտ էր, հավասարակշիռ ու լիարժեք:

Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյոգրենը` ներկայացնելով պատվիրակության անդամներին` նշել է, որ երբեւէ Հայաստան ժամանած ամենամեծ խումբն է, ուր ներկայացված են բոլոր երկրների դեսպանները, եւ դա վկայում է Եվրախորհրդի մտահոգությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի ու դրա հանգուցալուծման ելքերի շուրջ:

Պեր Սյոգրենը նկատել է, որ Մարտի 1-ի իրադարձությունների քննարկման նպատակով միջազգային կամ ազգային մակարդակով հանձնախումբ ստեղծելու տարբերակներից մեկը խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումն է, որի աշխատանքներում պետք է ներառված լինեն նաեւ տարբեր մասնագետներ` հանրության վստահությունն ապահովելու նպատակով: ԱԺ նախագահը պարզաբանել է, որ ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողովների ստեղծման փորձ կա, սկզբունքորեն հնարավոր համարեց այդ տարբերակը` բայց քրեական հանցագործությունների խնդրով ԱԺ-ն չի կարող զբաղվել: Բայց եթե ԱԺ խմբակցություններն անհրաժեշտ կհամարեն ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, դա կարվի: