ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Միացան հացադուլին
Համատեղ հայտարարություն են տարածել «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների»
հասարակական նախաձեռնության դատապարտված անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան
Մալխասյանը եւ «Ժամանակ Երեւան» թերթի դատապարտված խմբագիր Արման Բաբաջանյանը:
Հայտարարության մեջ ասվում է .
«Անազատության մեջ կտրականապես մերժելով պայքարի ծայրահեղ միջոցը` հացադուլը,
գիտակցում ենք, որ մարտմեկյան արյունահեղ սպանդից հետո Հայաստանում ազատությունների,
ժողովրդավարության ու մարդկային իրավունքների սպառնալից սահմանափակումները,
համաժողովրդական շարժման մասնակից հազարավոր մարդկանց նկատմամբ քաղաքական
հետապնդումները, հարյուրից ավելի ղեկավար անդամների ձերբակալությունները, ինչպես
նաեւ ազգի համար օրհասական` ղարաբաղյան կարգավորման վերջին ահագնացող
զարգացումներին դիմակայելու համար պայքարի համամարդկային միջոցները գնալով դառնում
են սահմանափակ եւ անկենսունակ, ուստի ազգի ու հայրենիքի ճակատագրով մտահոգ
յուրաքանչյուր հայի` առանց խտրության` ազատության կամ անազատության մեջ, պայքարի
արմատական միջոցների դիմելու ընտրության առջեւ է կանգնեցնում:
Մեր այս քայլով զորակցում ու պաշտպանում ենք իր իրավունքների եւ ազատությունների
համար պայքարի ելած Հայաստանի ազատ քաղաքացուն եւ վերահաստատում, որ ազատությունը
Հայաստանում այլընտրանք չունի, ինչպես եւ այլընտրանք չունի մեր հաղթանակը
բռնապետության դեմ: Խստորեն կարեւորում ենք ինչպես համաժողովրդական պայքարի բոլոր
մասնակիցների այնպես էլ բոլոր քաղբանտարկյալների անքակտելի միասնականությունն ու
վճռականությունը: Հանուն այս միասնականության ապրիլի 9-ից մենք միանում ենք
հացադուլավոր մեր քաղբանտարկյալ գաղափարակից ընկերներին եւ հայտարում ենք անժամկետ
հացադուլ: Պայքա’ր, պայքար մինչեւ վերջ:
Քաղբանտարկյալներ`
Ժիրայր Սեֆիլյան
Վարդան Մալխասյան
Արման Բաբաջանյան»
