Փորձել են հիկիզել Գյումրու հին հեռուստաաշտարակը

Ապրիլի 7-ին ինչ–որ մարդիկ փորձել են այրել Գյումրու հին հեռուստաաշտարակը, ուր տեղակայված է ԳԱԼԱ հեռուստաընկերությունը։ Այս առիթվ հայտարարություն է տարածել «Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության Շտաբը»։ Հայտարարության մեջ մասնավորաբար ասվում է.

«Ապրիլի 7-ի վաղ առավոտյան ժամը 5-ի մոտակայքում, հրդեհ տեսնելով Գյումրու Վ.Սարգսյան 6/1 հասցեում տեղակայված Գյումրու հին հեռուստաաշտարակի միջնամասում` (մոտ 25 մետր բարձրության վրա), հանդիպակաց շենքի բնակիչներից մեկը զանգել է Գյումրու հրշեջ կայան: Հրշեջները ժամանելով դեպքի վայր, բարձրացել են աշտարակի վրա, այնտեղ հայտնաբերելով վառվող անվադող, այն ներքեւ են նետել ու հանգցրել:

Սա այն նույն աշտարակն է (մոտ 54 մ), որ մինչեւ 1977 թիվը սպասարկել է Լենինականի հեռուստառադիոհեռարձակումները եւ 1977-ին Լենինականի նոր հեռուստաաշտարակը (185մ, Երեւանի հին հեռուստաաշտարակը) գործարկելուց հետո գրեթե պարապուրդի էր մատնված, ու 2005 թվի օգոստոսից թեթեւ նորոգումից հետո իր վրա է կրում ԳԱԼԱ ՀԸ հեռարձակող անտենան` անտենային հասնող մալուխով: Այս նույն աշտարակի շուրջ են ծավալվել Գյումրու քաղաքապետարան-«ՉԱՊ» ՍՊԸ դատական վեճերը, որոնց մասին Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը պարբերաբար տեղեկացրել է հանրությանը: Գյումրու քաղաքապետ Վ.Ղուկասյանին երկու անգամ (նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 13-ին) Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը դիմել, հորդորել էր այս նույն աշտարակի շուրջ հեռուստաընկերության հետ վեճը լուծել արտադատարանական կարգով, ինչին ըստ էության մերժում էր ստացել:

Այս նույն աշտարակի վրայից հեռարձակող անտենայի ապամոնտաժման մասին էր ՇՄ Ընդհանուր իրավասության դատարանը վճիռ կայացրել 2008 թվի փետրվարի 29-ին, որը ՍՊԸ-ն բողոքարկել է մարտի 28-ին ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան: Հենց այս աշտարակն էր չափչփում դատավոր Արմեն Խաչատրյանը դատաքննության ընթացքում:

Հրդեհը եղել է հենց միջին հարթակի վրա: Գետնին թափված վառված անվադողի մետաղյա ամրանալարերից դատելով, անվադողը եղել է 14-15 չափսի (անվահեծին հագնող եզրագծի տրամագիծը` դյույմերով): Գիշերվա ընթացքում աշտարակից 2-20 մետր հեռավորությամբ ապրող մարդիկ արտառոց ոչինչ չեն լսել կամ տեսել: Հեռուստաստուդիայի պահակը, որ ստուդիան հսկել է ներսից, նույնպես որեւէ արտակարգ բան չի նկատել գիշերը: Առավոտյան դեպքի վայրում էին Հրշեջ կայանի եւ ոստիկանության ներկայացուցիչները: Ինտերնետային կապ ապահովող ընկերությունից հաջողվեց պարզել, որ իրենց անտենաներին, որոնց կողքին այրվել էր անվադողը, վնաս չի եղել, եւ դրանք անխափան աշխատում են: Կրակը եղել է դեպի ԳԱԼԱ ՀԸ գնացող մալուխից 1-1,5 մ հեռավորության վրա ու հրաշքով կամ վերերկրային արդարության միջամտությամբ է, որ հեռուստաընկերության մալուխը չի այրվել: ԳԱԼԱ ՀԸ-ն շարունակում է աշխատել եւ հեռարձակել իր հաղորդումները Գյումրիում եւ Շիրակի մարզի մեծ մասում:

Այս գիշեր Գյումրում եղել առանց տեղումների եղանակ, կայծակ եւ ամպրոպ չի գրանցվել, օդի ջերմաստիճանը` +4 +6: աշտարակի վրա փետրվարի 27-ի` դատավորի չափումներից հետո ելնող-իջնող չի եղել: Աշտարակին չիրազեկված ցույցերի կազմակերպման, ՀՀ Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու, ցուցարարներին զինելու, բռնության կոչերի, փողոցը սխալ անցնելու մեղադրանքներ չեն ներկայացվել ոչ սովետական շրջանում, ոչ էլ ավտորիտարիզմի օրոք: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, թե աշտարակը այս կյանքից հոգնած ու դժկամ դիմել է ինքնահրկիզման հուսահատ եւ անհաջող փորձի:
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը համարձակվում է ենթադրել, որ այս «ինքնահրկիզումը» կբացահայտվի եւ մեղավորները կպատժվեն այնքան, որքան բացահայտվեցին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ գրասենյակի պատուհանի եւ ակումբի նախագահի մեքենայի հրկիզումները: Կասկածում ենք, թե ԳԱԼԱ ՀԸ անտենան աշտարակի կրելու մասով այնքան մտահոգ Գյումրու քաղաքապետարանը համանման աշխուժություն կցուցաբերի համայնքային գույքին վնաս պատճառել փորձած կենդանիներին գտնելու եւ պատժելու ուղղությամբ:

Հ.Գ. Իսկ այս եւ այլ հրկիզումների պատվիրատուն(ներ)ը ժամանակն է, որ վերանայեն ապաշնորհ կապալառուին, որի կամ որոնց գործողությունները հուշում են, որ սրանք իրականում «պլան են կատարում» ու բոլորովին հետեւողական չեն պատվերը նամուսով կատարելու հարցում: Հրկիզումները ամոթալի են մեր քաղաքին այնպես, ինչպես ամոթալի է մեր քաղաքում աննամուս կապալառու ունենալը»: