ՍԻՊ ՀԿ–ն առաջարկում է փոփոխել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը

Սննդի անվտանգության ոլորտում Հայաստանի օրնեսդրությունը պետք է համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին, այսօր հայտարարել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը։

«Եվրոպայի երկրներում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ (ԳՁՕ) պարունակող մթերքների վրա դրանց մասին մակնշելը պարտադիր է, եթե դրանց պարունակությունը գերազանցում է 0,9 տոկոսը։ Հայաստանի օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի այս չափանիշներին»,-ասել է բանախոսը։

Եղոյանը ասել է նաեւ, որ «Սպառողների իրավունքների պաշտպանությունը» ապրիլի 8-ին դիմել է Գյուղատնտեսության նախարարություն՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով, համաձայն որի ԳՁՕ պարունակող մթերքը պետք է մակնշվի, եթե սննդամթերքի բաղադրության մեջ դրա պարունակությունը 0,9 տոկոսից բարձր է. «Այս պահանջի հիմնական նպատակը սպառողների ընտրության իրավունքը պաշտպանելն է։ Յուրաքանչյուրը պետք է իրավունք ունենա իմանալ և ընտրել այն սննդամթերքը, որն ուզում է օգտագործել»։

Եղոյանի խոսքերով, ԳՁՕ-ի ազդեցությունը մարդու օրգանիզմի և շրջակա միջավայրի վրա մինչև վերջ ուսումնասիրված չէ, այդ պատճառով էլ դրա օգտագործումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Նա ավելացրեց, որ որոշ ԳՁՕ-ներ կարող են ալերգիկ դրսևորումների պատճառ դառնալ և հանգեցնել մարդու իմունային համակարգի փոփոխությունների. «Անհրաժեշտ է նշել, որ այսօր ինչպես Հայաստանում արտադրվող, այնպես էլ երկիր ներկրվող սննդամթերքում ԳՁՕ-ի պարունակություն վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկություն չկա»։