Լեւոն Տեր–Պետրոսյանը խոստանում է կարծիք ձեւավորել

Հայաստանի առաջին նախագահ, նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը «Նովիե իզվեստիա» թերթին տված հարցազրույցում փաստել է, որ բացի Հայաստանից Եվրոպայի խորհրդի անդամ որեւէ այլ երկրում քաղբանտարկյալներ չկան:

«Հայաստանում քաղբանտարկյալների թիվը հասնում է 150-ի: Ես չգիտեմ Եվրախորհրդի անդամ որեւէ այլ երկիր, որտեղ քաղբանտարկյալներ կան: Ձերբակալվել են իմ գրեթե բոլոր վստահված անձինք, իմ շտաբների բոլոր ղեկավարները։ Եթե հարցնեք ինձ, թե ի՞նչ եմ անելու, կասեմ՝ ձեւավորելու եմ որոշակի հասարակական կարծիք, որպեսզի այս իշխանությունը չճանաչվի: Դրա համար օգտագործելու ենք բոլոր հնարավոր օրինական միջոցները», - ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը քննադատել է ԵԱՀԿ-ն եւ Եվրախորհուրդը «սրանք, ըստ էության, բյուրոկրատական կազմակերպություններ են՝ նկատի ունեմ աշխատակազմը: Այնտեղ հավաքվել են դիվանագետ թոշակառուներ եւ երիտասարդ կարիերիստներ, որոնք չեն կարող ասել, որ իրենց պատասխանատվության տակ գտնվող երկրներից մեկում ամեն ինչ վատ է: Այդ դեպքում նրանց հարցնելու են՝ բա մինչեւ այժմ ինչո՞վ եք զբաղվել: Եթե առաջ այդ կազմակերպությունների դեմ հանդես էին գալիս հիմնականում կառավարությունները, ապա այժմ նրանց դեմ հանդես է գալիս արդեն հանրությունը, ընդդիմությունը, ինչը նրանց համար առանձնապես վտանգավոր է»: