ԳԱԼԱ–ն չի եթերազրկվի

Այսօր Հայաստանի վերաքննիչ դատարանը Գյումրիում գործող ԳԱԼԱ հեռուստաընկերությանը զրկեց քաղաքապետարանին պատկանող հեռուստաաշտարակն օգտագործելու հնարավորությունից, ուժի մեջ թողնելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Քաղաքապետարանը պահանջել էր «ՉԱՊ» ընկերությունից ազատել հեռուստաաշտարակը ԳԱԼԱ-ի անտենաներից: Դիտորդները փաստում են, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԳԱԼԱ-ն անցած տարի հեռարձակել էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը անկախության տարեդարձի կապակցությամբ:

ԳԱԼԱ հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը այս առթիվ հայտարարել է. «Քաղաքում շատ տեղեր կան, որտեղ բարի կամեցողության մարդիկ մեզ առաջարկել են տեղադրել անտենաները: Կան միջոցներ պահպանելու համար մեր եթերը»: