Թերրի Դեւիսը չի խրախուսում բռնությունը

Մարտի սկզբին տեղի ունեցած դեպքերը լուրջ վնաս հասցրեցին Հայաստանի միջազգային հեղինակությանը, երեկ ուշ երեկոյան Ստրասբուրգում կայացած ասուլիսում հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը։

Դեւիսի խոսքերով` «այժմ կան օրենքներ, որոնք, կարծես թե, մարդկանց համար դժվարություններ են առաջացնում կառավարությանը կամ նախագահին անհամաձայնություն հայտնելու հարցում: Ես կարծում եմ, որ սա ցավալի է: Ժողովրդավարությունը ենթադրում է, որ մարդիկ կարող են հակառակ տեսակետներ ունենալ: Բայց ես որեւէ դեպքում չեմ խրախուսում նաեւ բռնությունը` լինի դա փողոցում, թե ոչ»:

Դեւիսը ասել է, որ լսել է Հայաստանում քաղբանտարկյալների գոյության մասին, բայց «մինչեւ ասելը, թե Հայաստանում, կամ Ադրբեջանում, կամ որեւէ այլ երկրում քաղաքական բանտարկյալներ կան, պետք է հստակ տեղեկություններ ունենալ: Ես դեռ որեւէ հստակ տեղեկություն որեւէ մեկից չեմ ստացել, սակայն, Հայաստանից ինչ-որ մեկի հետ խոսել եմ այդ մասին, եւ նա խոստացել է այս շաբաթվա ընթացքում մանրամասն տեղեկություններ տրամադրել»: